ՀԱԿ-ը՝ ԲՀԿ-ի կոնսուլտացիաների մասին

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որով առաջարկում է ընդլայնել ԲՀԿ-ի առաջարկած կոնսուլտացիաների օրակարգը: Հայտարարությունում ասված է.

«Հայ Ազգային Կոնգրեսը քննարկեց ԲՀԿ-ի առաջարկը նախագահական ընտրություններին ընդառաջ համատեղ կոնսուլտացիաներ անցկացնելու վերաբերյալ:

Մեր կարծիքով, այդ կոնսուլտացիաների օրակարգը պետք է ընդլայնել, նրանում ներառելով առաջիկա նախագահական ընտրություններում ռեժիմի դեմ հասարակական և քաղաքական ուժերի համախմբման առարկայական մեխանիզմների և քայլերի ավելի ընդհանրական ծրագիր` մասնավորապես.

1. Ժողովրդի ազատ կամարտահայտման ապահովման նպատակով ընտրական համակարգի վերափոխում` Հայ Ազգային Կոնգրեսի կողմից ներկայացված օրենսդրական փաթեթի ընդունմամբ, ինչպես նաև առաջիկա նախագահական ընտրությունների օրինականության վերահսկման համատեղ մեխանիզմների ստեղծում

2. Գործող իշխանություններին անվստահություն հայտնելու խորհրդարանական մեխանիզմների կիրառմանն ուղղված համատեղ քայլեր

3. Ժողովրդի քաղաքական ակտիվացմանն ուղղված համատեղ զանգվածային հրապարակային և այլ միջոցառումների անցկացում

4. Ապօրինի տնտեսական մենաշնորհների և արտոնությունների և համակարգային կոռուպցիայի վերացման համատեղ ծրագրի ստեղծում»:

Մեկնաբանել