Նախ քննարկենք միասնական գաղափարների, հետո՝ միասնական թեկնածուի հարցը. Ա.Ռուստամյան

Մենք փնտրում ենք այնպիսի թեկնածու, որ ոչ միայն կխոստանա, այլև կտա երաշխիքներ, որ չի գայթակղվի նախագահի պաշտոնով, և մինչև 2015թ. մենք կանցնենք հարյուր տոկոսանոց խորհրդարանական համակարգի. «Արմնյուզ» հեռուստատեսության «Բանաձև» հաղորդման շրջանակում նշեց «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով նախագահական ընտրություններին ընդառաջ ՀՅԴ-ի ներկայացրած յոթ սկզբունքների կարևորության մասին:

Ըստ նրա՝ ոչ թե պետք է համախմբվել միասնական թեկնածուի շուրջ, այլ՝ գտնել այն միասնական պլատֆորմը, որի շուրջ կարող են համախմբվել ընդդիմադիր ուժերը, դնել հարցերը ճիշտ հերթականությամբ և ոչ թե «սայլը դնել եզներից առաջ», որից հետո նոր մտածել միասնական թեկնածուի մասին:

Այսօր գործող համակարգն, ըստ նրա, չի կարելի համարել ժողովրդավարական: Եվ հիմա ՀՅԴ-ն առաջարկում է գաղափարներ, որոնց հիմքի վրա կարող է լինել իշխանափոխություն: «Մենք տեսնում ենք, որ ժողովուրդը փնտրում է այն գաղափարը, որի հետևից կարող է գնալ»,- նշեց նա:

Ռուստամյանի դիտարկմամբ ևս՝ ժողովուրդը մեծապես համակված է հիասթափությամբ և չի հավատում իր ընտրությամբ ինչ-որ բան փոխելու հնարավորությանը: Եթե լինի հույսը, ըստ նրա. «Ժողովուրդը չի գնա 5-10 հազար դրամների հետևից, այլ կասի՝ էսօր ինձ զսպեմ, քանի որ վաղը լավ Հայաստան եմ ունենալու»:

«Մենք թեկնածուների պակաս չունենք, բայց մեր խնդիրն այն է, որ ընդդիմադիր դաշտը համախմբվի մեր առաջարկած յոթ կետերի շուրջը,- ասաց նա:- Այս կետերից ոչ մեկը նոր չէ, այն ՀՅԴ-ի հետևողական սկզբունքներից է: Օրինակ, խորհրդարանական համակարգի ջատագով է եղել ՀՅԴ-ն 122 տարի, իսկ վերջին 22 տարին անընդհատ ասում էինք, որ հատկապես դա է պետք»:

ՀՅԴ-ն, ըստ Ռուստամյանի, կբանակցի բոլոր այն ուժերի հետ, ովքեր կկամենան: «Մենք բաց ենք բոլորի հետ միանալու: ԲՀԿ-ի հետ, օրինակ, հանդիպելու ենք շաբաթ օրը, բայց այս պահին նրանք կողմ են միայն երկու կետին. դա բավարար չէ»,- հաղորդեց նա:

Անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքին՝ Ռուստամյանն ասաց. «Նախ, շատ ցավալի է, որ կրթության և գիտության նախարարը ամբողջ օրը դուրս չի գալիս ֆեյսբուքից. մի բան գրում են, անմիջապես արձագանքում է, հետո՝ դրա պատասխանին էլ է արձագանքում. երևի մի վիրտուալ նախարարություն է պետք ստեղծել իր համար: Իսկ երկրորդ. կրթության նախարարին պատիվ չի բերում նման խոսքը, ես դա անձամբ իրեն կասեմ»:

Միասնական շտաբների գործունեությանն անդրադառնալով՝ Ռուստամյանն ասաց. «Միասնականությունը միշտ լավ բան է. գոնե ընտրակեղծիքները տեղափոխվեցին տեղամասերից դուրս»: