Ուկրաինացիներին «բանակ ուղարկող» Վենսի պատմությունը կեղծ է

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է լուսանկար և գրառում՝ պնդմամբ, թե ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մոտեցել է Ուկրաինայի խաղաղության համաձայնագրի դեմ բողոքող ուկրաինացիներին և առաջարկել նրանց միանալ Ուկրաինայի բանակին։

Գրառումներում նշվում է, թե ցուցարարներից ոչ ոք չի համաձայնել թողնել «ապահով Ամերիկան» և մեկնել Ուկրաինա կռվելու, ինչի հետևանքով իբր «մայդանը ավարտվել է»։

Մարտի 7-ին շուրջ 1,2 մլն հետևորդներ ունեցող հայկական Armday ֆեյսբուքյան էջը հրապարակել է այս գրառումը, որը կես օրում հավաքել է ավելի քան 4 հազար հավանում ու արձագանք և մոտ 500 տարածում։

#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատմությունն ամբողջովին կեղծ է, իսկ լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության (AI) միջոցով։

Վենսի լուսանկարը՝ ստեղծված արհեստական բանականությամբ

Լուսանկարում փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կանգնած է ամբիոնի մոտ, որի վրա գրված է՝ «Join the Ukrainian Army» («Միացեք ուկրաինական բանակին»)։ Նրա հետևում երևում են ուկրաինական դրոշներով մարդիկ:

Պատկերի մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է արհեստական բանականությամբ ստեղծված լուսանկարներին բնորոշ մի շարք անճշտություններ և վիզուալ աղավաղումներ:

Առաջին հերթին, նկատելի են խախտումներ Վենսի դեմքի կառուցվածքում, ինչպես նաև ձեռքերում և կոստյումի որոշ հատվածներում: Մասնավորապես, նկարում Վենսի ձեռքերն անբնական են՝ մեծ մատներն ընդհանրապես բացակայում են։ Կոստյումի վրայի ամերիկյան դրոշի կրծքանշանը նույնպես անբնական է՝ առանց հստակ գույների և ձևի։

Բացի այդ, Վենսի հետևում գտնվող մարդկանց դեմքերն ունեն AI-ով ստեղծված պատկերներին հատկանշական վիզուալ աղավաղումներ:

Այս տեսակի անհամապատասխանություններն ակնհայտորեն բնորոշ են AI-ով ստեղծված կամ խմբագրված պատկերներին։

Պատմությունը կեղծ է. Վենսը չի հանդիպել ուկրաինացի ցուցարարներին

Ոչ մի հեղինակավոր լրատվամիջոց կամ պաշտոնական աղբյուր նման հանդիպման մասին տեղեկատվություն չի հրապարակել։ Ո՛չ ամերիկյան, ո՛չ էլ ուկրաինական պաշտոնական աղբյուրները չեն անդրադարձել նման իրադարձության: Այսպիսի հայտարարությունը կլիներ աննախադեպ և անկասկած կստանար լայն լուսաբանում ամերիկյան և միջազգային լրատվամիջոցներում:

ԱՄՆ-ում իրոք տեղի են ունեցել Ուկրաինային աջակցող մի շարք ցույցեր. հարկ է նշել է մարտի 1-ին Վերմոնտ նահանգի դահուկավազքի ավանում Վենսի դեմ կազմակերպված բողոքի ակցիան: Այս ակցիան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Սպիտակ տանը կայացած լարված հանդիպումից հետո ստացավ նաև ուկրաինամետ բնույթ։ Սակայն փոխնախագահը չի շփվել ցուցարարների հետ և նման հայտարարություն չի արել։

Վրացական Myth Detector-ի փաստեր ստուգողների հետաքննության համաձայն՝ այս կեղծ տեղեկատվությունը տարածվել է հիմնականում հակաուկրաինական և պրոկրեմլյան ռուսալեզու աղբյուրների կողմից։

Այսպիսով, պնդումները, թե Ջեյ Դի Վենսն առաջարկել է ուկրաինացի ցուցարարներին միանալ Ուկրաինայի բանակին, կեղծ են: Լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով, ինչը հաստատվում է պատկերի տեխնիկական վերլուծությամբ։

Մեկնաբանել