2024-ին ՀՀ զինված ուժերում զոհվել է 40 զինծառայող՝ 27-ը ծառայության հետ կապված հանգամանքներում, իսկ 13-ը՝ ծառայության հետ չկապված պատճառներով: Ծառայության հետ կապված զոհերից 4-ը եղել են հակառակորդի կողմից, 5-ը՝ սպանության հետևանքով, 7-ը՝ ինքնասպանության պատճառով, 4-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարների, 2-ը՝ ավիավթարի, իսկ մյուսներն՝ այլ պատճառներով:
Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ ամփոփվել են Զինվորական դատախազության 2024-ի աշխատանքները: ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է նախորդ տարվա վիճակագրությունը:
Համաձայն զեկույցի՝ 2024-ին Զինված ուժերի համակարգում արձանագրվել է 2 093 դեպք, որը 265-ով պակաս է, քան 2023-ին: Դեպքերից 762-ը եղել են պատահարներ, իսկ 1 331-ը՝ ենթադրյալ հանցագործություններ:
Հատկանշական է, որ 2024-ին նվազել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը: Արձանագրվել է 178 ծանր և 39 առանձնապես ծանր հանցագործություն, մինչդեռ 2023-ին այդ թվերը կազմել էին համապատասխանաբար 242 և 78:
2024-ին դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 904 քրեական վարույթ՝ 1 026 անձի վերաբերյալ: Դատարանում քննվել և ավարտվել է 937 քրեական գործ՝ 1089 անձի վերաբերյալ, որոնցից 751 գործով կայացվել է մեղադրական դատավճիռ:
Դատախազների կողմից իրականացված ուսումնասիրություններով արձանագրվել է պետությանը պատճառված 5,68 մլրդ դրամի վնաս: Սակայն 2024-ին արտադատական կարգով հաջողվել է վերականգնել 4,46 միլիարդ դրամ (11,31 մլն ԱՄՆ դոլար), ինչը կազմում է վնասի մոտ 80 տոկոսը: