Մարտի 8. ինչպես է նշվում տոնը տարբեր երկրներում

Մարտի 8. ինչպես է նշվում տոնը տարբեր երկրներում

Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է, որը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Ինչպե՞ս է առաջացել այս տոնը, ի՞նչ խորհուրդ ունի, և ինչպե՞ս են այն նշում տարբեր երկրներում։

Տոնի առաջացումը

1908 թվականի մարտի 8-ին Նյու Յորքում շուրջ 15 հազար կին քայլերթի դուրս եկավ՝ պահանջելով հավասար իրավունքներ, այդ թվում՝ ընտրելու իրավունք և բարելավված աշխատանքային պայմաններ։

Երկու տարի անց՝ 1910 թվականին, Կոպենհագենում կայացած Կանանց միջազգային կոնֆերանսում գերմանացի ակտիվիստ Կլարա Ցետկինը առաջարկեց հաստատել Կանանց միջազգային օր՝ կանանց իրավունքների և գենդերային հավասարության մասին բարձրաձայնելու նպատակով։

Կլարա Ցետկինը

Առաջին անգամ այս օրը որպես ազգային օր նշվեց 1909 թվականի փետրվարի 28-ին՝ Միացյալ Նահանգներում: Մինչև 1913 թվականը կանայք շարունակում էին տոնել այն փետրվարի վերջին կիրակի օրը։ Իսկ որպես կանանց միջազգային օր՝ այն առաջին անգամ նշվեց 1911-ի մարտի 19-ին՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում։ 1977 թվականին ՄԱԿ-ը պաշտոնապես ճանաչեց մարտի 8-ը որպես Կանանց միջազգային օր՝ նպատակ ունենալով տոնել կանանց սոցիալական, տնտեսական, մշակութային և քաղաքական ձեռքբերումները, ինչպես նաև պայքարել գենդերային հավասարության համար։

Մարտի 8-ը տարբեր երկրներում

Իտալիա
Իտալիայում մարտի 8-ին ընդունված է կանանց նվիրել դեղին միմոզայի ճյուղեր, որոնք դարձել են այս օրվա խորհրդանիշը: Միմոզան խորհրդանշում է կանանց ուժն ու համերաշխությունը, և հաճախ ոչ միայն տղամարդիկ են նվիրում այն կանանց, այլև կանայք՝ միմյանց։

ԱՄՆ
Կանանց միջազգային օրը ԱՄՆ-ում պաշտոնական տոն չէ, սակայն մարտ ամիսը նշվում է որպես Կանանց պատմության ամիս: Այս ընթացքում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում՝ հանրահավաքներ, կոնֆերանսներ և բիզնես-ֆորումներ՝ կանանց ձեռքբերումները արժևորելու նպատակով։

Չինաստան
Չինաստանում մարտի 8-ին բազմաթիվ ընկերություններ կին աշխատակիցներին տրամադրում են կես օրվա արձակուրդ՝ տոնը նշելու համար: Այստեղ նաև մարտի 7-ին նշվում է Աղջիկների օրը, որը նվիրված է երիտասարդ կանանց ձեռքբերումների արժևորմանը։

Գերմանիա
Գերմանիայում Կանանց միջազգային օրը պետական տոն է միայն Բեռլինում։ 2019 թվականին Բեռլինի դաշնային կառավարությունը մարտի 8-ը հռչակեց ոչ աշխատանքային օր՝ նշելով այն որպես պաշտոնական տոն։

Չիլի
Չիլիում մարտի 8-ին հատկապես խոշոր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Սանտյագոյում, կազմակերպվում են բողոքի երթեր՝ կանանց իրավունքների պաշտպանության պահանջով։ Ակցիայի մասնակիցները հաճախ կրում են կանաչ շարֆեր՝ ի նշան կանանց իրավունքների պաշտպանության։

Հայաստան
Հայաստանում մարտի 8-ը ոչ աշխատանքային օր է և նշվում է որպես կանանց տոն։ Տոնի մեկնարկով սկսվում է կանանց նվիրված միամսյակը, որը ավարտվում է ապրիլի 7-ին՝ Մայրության ու գեղեցկության տոնով։

1996 թվականին անկախ Հայաստանի իշխանությունները մարտի 8-ը հանեցին պետական տոնացույցից՝ փոխարենը սահմանելով ապրիլի 7-ը որպես կանանց օր։ Սակայն 2001 թվականին ընդունված «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով մարտի 8-ը կրկին վերականգնվեց որպես պետական տոն։

Սիրանուշ Ադամյան

Մեկնաբանել