Սոցցանցերում տարածվում է ԱԲ-ով ստեղծված ուկրաինացի զույգի կեղծ լուսանկար

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Սոցիալական ցանցերում լայն տարածում է ստացել լուսանկար, որում պատկերված է ուկրաինացի զույգ՝ նկարի ձախ մասում ամուսնական հանդերձանքով, իսկ աջ հատվածում՝ զինվորական համազգեստով և պրոթեզներով։ Լուսանկարին կից գրառումներում քննադատվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ուկրաինային տրամադրվող օգնությունը դադարեցնելու համար։

Հայկական տիրույթում այս լուսանկարը տարածել են քաղաքական վերլուծաբաններ Ռուբեն Մեհրաբյանը և Հովսեփ Խուրշուդյանը, որոնք ունեն մեծ լսարան։

#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը բացահայտել է, որ լուսանկարն իրական չէ և ստեղծվել է արհեստական բանականության (ԱԲ) միջոցով։

Լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականությամբ

Համացանցում լուսանկարի հակադարձ որոնումը ցույց է տալիս, որ այն առաջին անգամ հրապարակվել է TikTok սոցիալական ցանցում ուկրաինացի օգտատիրոջ կողմից մարտի 3-ին։ Տեսանյութը արդեն հավաքել է ավելի քան 6,7 միլիոն դիտում և 430 հազար հավանում։

Նկարի մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է ԱԲ-ով ստեղծված պատկերներին բնորոշ բազմաթիվ անճշտություններ և վիզուալ աղավաղումներ, այդ թվում` անբնական անցումներ մարմնի և պրոթեզների միջև, դեմքերի ոչ իրատեսական պատկերում և համաչափության խնդիրներ։ Ուկրաինացի TikTok-ի օգտատիրոջ էջում բազմաթիվ են նմանօրինակ արհեստական նկարները՝ ռուս-ուկրաինական պատերազմի թեմայով։

Արհեստական բանականության նկարների հայտնաբերման հարթակները հաստատում են լուսանկարի կեղծ լինելը։ Ըստ այդ գործիքների՝ պատկերը հավանաբար ստեղծվել է Stable Diffusion կամ Imagen մոդելների միջոցով։

#CivilNetCheck-ը փորձնականորեն վերստեղծել է նմանատիպ պատկեր՝ համանման նկարագրությամբ, օգտագործելով Google-ի Imagen մոդելը, ինչը լրացուցիչ հաստատում է լուսանկարի արհեստական ծագումը։

Վերջերս ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող օգնությունը, իսկ ըստ միջազգային լրատվամիջոցների՝ Maxar Technologies ընկերությունը դադարեցրել է ուկրաինական կողմին արբանյակային պատկերների հասանելիությունը։ Սա համարվում է Թրամփի վարչակազմի կողմից Ուկրաինային հետախուզական տվյալների տրամադրման արգելքի հետևանք։

Այսպիսով, սոցիալական ցանցերում տարածվող պատկերը, որում ցուցադրվում է ուկրաինացի զույգ` նախքան պատերազմը և դրանից հետո, կեղծ է և ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։

Մեկնաբանել