Կառավարությունում կրկին հիշել են պանրի որակի մասին

Վարչապետի վերահսկողական ծառայությունը Սննդի անվտանգության վարչության հետ 2010թ. վերջին-2011թ. գարնանը պանրի լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել էր մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր աղիքային ցուպիկի խմբի և այլ մանրէներ: Ուսումնասիրություններից հետո մոտ 615 կգ մանրէաշատ պանիր ոչնչացվել էր, տնտեսավարողները տուգանվել էին, հանձնարարվել էր վերացնել խնդիրները։ 1,5 տարի անց գործադիրը կրկին քննարկում է պանրում աղիքային ցուպիկի խմբի մանրէների առկայությունը։

Երեկ՝ մինչև կառավարության նիստը սկսելը, վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը ներկայացրել է պանրի ոլորտում ուսումնասիրությունների արդյունքները։ Իմիջիայլոց, արդյունքները ներկայացնելուց հետո Բախչագուլյանը շարունակել է զբաղեցնել պաշտոնը, չնայած Հայաստանում սննդի անվտանգության համար պատասխանատու է հենց նրա կողմից ղեկավարվող կառույցը։

Այսպես, ըստ Բախչագուլյանի, վարչապետի հանձնարարությամբ այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին պանրի արտադրությամբ զբաղվող 59 տնտեսավարող սուբյեկտի մոտ տեսչական ստուգումներ են իրականացվել: «Պանրի ստուգաթերթը հիմա փորձարկման փուլում է: Ստուգաթերթում ներառված են 84 պահանջի նկատմամբ հարցեր, և 59 տնտեսավարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել են խախտումներ, որոնք վերաբերում էին թե՛ սանիտարահիգիենիկ, թե՛ մակնշման, թե՛ պահման պայմանների չկատարման հետ կապված խնդիրներին: Ստուգումների արդյունքում թվով 18 տնտեսավարող սուբյեկտի գործունեությունն արգելվել է՝ առանձին արտադրության կամ ամբողջ արտադրության կտրվածքով»,– ասել է Բախչագուլյանը։

Բախչագուլյանը թվարկել է նաև ընկերությունների անունները, որոնց մոտ տեսչական ստուգումների արդյունքում կատարված նմուշառումների ու լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ՝ մեծ մասամբ չանախ պանրի արտադրատեսակում: 5,5 տոննա պանիր ոչնչացվել է, ընկերությունները սկսել են սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման աշխատանքներ՝ ծառայության համապատասխան տեսուչների վերահսկողության ներքո: Թվով 59 տնտեսավարող սուբյեկտ ենթարկվել է վարչական պատասխանատվության, կիրառվել է տուգանք, ընդհանուր գումարը կազմել է Դ10,45 մլն։

Ուշագրավ է, որ Բախչագուլյանը չի նշել, թե աղիքային ցուպիկով պանիրները որքան ժամանակ են իրացվել շուկայում։ «Տեխնիկական կանոնակարգով առկա է աղիքային ցուպիկի սահմանված թույլատրելի չափ: Աղիքային ցուպիկի մանրէների թույլատրելի քանակի գերազանցումը բնակչության մոտ մարսողական համակարգի խնդիրներ է առաջացնում»,– ասել է նա՝ ըստ էության հաստատելով, որ բնակչության առողջությանը վնաս է հասցվել։

Բախչագուլյանի այս հայտարարություններից հետո, որքան էլ զարմանալի է, վարչապետը ոչ թե աշխատանքից ազատել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին, այլև հայտարարել, թե առաջին հերթին պետք է հրապարակային դարձնել այն արտադրողների, ձեռնարկությունների, պանրի տեսակի անունները, «որպեսզի քաղաքացիները չօգտվեն դրանցից. եթե վաճառքում հանդիպեն նման ապրանքատեսակներ, ապա հրաժարվեն դրանցից»։ Վարչապետը սննդի անվտանգության ապահովման պետական գերատեսչության պարտականությունները, ըստ էության, տեղափոխել է հանրային գիտակցության դաշտ։

Ուշագրավ է Բախչագուլյանի հայտարարությունը, թե խոշոր արտադրողների մոտ սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների կատարման խնդիրներ չեն հայտնաբերվել։ «Մեր խնդիրը փոքր արտադրություններն են, որոնք չեն կարողանում ներդնել սանիտարահիգիենիկ անվտանգության ապահովման համակարգեր: Սակայն մենք պարբերաբար հսկողության տակ ենք առնում այդ արտադրությունները», – ասել է Բախչագուլյանը։

Չի բացառվում, որ այս հայտարարություններից հետո պանրի շուկայից դուրս մղվի փոքր և միջին բիզնեսը և այն ամբողջապես կենտրոնանա մի քանի ընկերությունների ձեռքում։ Այն, որ փոքր և միջին բիզնեսի արտադրության պանրում առկա է աղիքային ցուպիկ, և բնակչությունը տևական ժամանակ սպառել է այդ արտադրանքը, պատասխանատվության իր բաժինն ունի նաև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։ Ծառայության նպատակներն ու խնդիրները սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության բնագավառների պետական կարգավորումն է, սննդի շղթայում (արտադրությունից մինչև սպառում) դիտարկումներ և վերահսկողություն իրականացնելը։ Այնինչ դեռևս 1,5 տարի առաջ արված բացահայտումներից հետո պանրի շուկայում վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև խնդիրները է՛լ ավելի խորացել են։

Մեկնաբանել