ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ բանակցությունների է գնում զիջումների ակնկալիքով

Միացյալ Նահանգները ցանկանում է լսել, թե Ուկրաինան ինչ զիջումների է պատրաստ գնալ՝ Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու բանակցություններում: ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի հանդիպումից առաջ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է CNN-ը:

«Մենք իսկապես ցանկանում ենք պարզել, թե որտեղ են նրանք կանգնած այս հարցում և ինչ են նրանք պատրաստ անել խաղաղության հասնելու համար», – մարտի 10-ին լրագրողներին ասել է Ռուբիոն:

Սաուդյան Արաբիայի նավահանգստային Ջիդդա քաղաքում այսօր՝ մարտի 11-ին, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև բանակցություններ տեղի կունենան:

Ռուբիոն նաև ասել է, որ երեքշաբթի օրվա հանդիպման արդյունքը «առանցքային կլինի» հասկանալու, թե արդյոք դրանից հետո ԱՄՆ-ն կվերանայի իր որոշումը՝ վերականգնել Ուկրաինային տրվող ռազմական օգնությունն ու չեղյալ համարել հետախուզական տվյալների փոխանակման դադարեցման որոշումը։

«Կարծում եմ, որ եթե մենք այնտեղ լավ հանդիպում անցկացնենք, որից հիացած կլինենք և կարողանանք զեկուցել նախագահին, ապա, կարծում եմ, որոշումներ կկայացվեն դադարի վերաբերյալ», – ասել է նա:

Փետրվարի 28-ին Զելենսկին և Թրամփը Սպիտակ տանը լրատվամիջոցների առաջ թեժ զրույց ունեցան, որի ընթացքում Թրամփն ասաց, որ Զելենսկին պատրաստ չէ դադարեցնել մարտերը: ԱՄՆ-ը դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը և հետախուզական տեղեկատվության փոխանակումը։

Բանակցությունից օրեր առաջ Ուկրաինայի նախարահ Վլադիմիր Զելենսկին հույս էր հայտնել, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումը «իմաստալից» կլինի:

«Ուկրաինան պատերազմի առաջին իսկ պահից խաղաղության է ձգտում, և մենք միշտ հայտարարել ենք, որ պատերազմը շարունակվում է բացառապես Ռուսաստանի պատճառով։ Ուկրաինան ոչ միայն պատրաստ է խաղաղության համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, այլև մենք առաջարկում ենք այդ քայլերը»,- ասել է նա։

Մեկնաբանել