ՀՀԿ-ն՝ լուսանցքում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ներկայացնում է առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցության պայմաններն ու առաջնահերթությունները։ Հայտարարության մեջ կարևորվում է անցումը 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին և մինչև 2015թ. ավարտը սահմանադրական փոփոխությունների իրականացումը կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու նպատակով:

Ավանդական կուսակցության այս հայտարարությունը հաջորդեց ընդամենը մի քանի օր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեկ այլ հայտարարության, որտեղ խոսվում էր նույն բաների մասին: Խորհրդարանական հանրապետություն ունենալու հեռանկարը այս պահին լռելյայն կոնսենսուս է ձևավորել ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի, ինչպես նաև իշխանական դաշտից դուրս գտնվող քաղաքական այլ ուժերի միջև: ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի միջև ծրագրված խորհրդակցությունները վաղաժամ կարելի է արդյունավետ համարել, քանի որ դատելով այս ուժերի հայտարարություններից՝ լիարժեք համաձայնության հասնելու համար նրանք ընդամենը պետք է համաձայնեն դետալների և ժամկետների շուրջ: Եթե այս թեմաները նախագահական ընտրությունների ժամանակ օրակարգի առաջնային հարց դառնան, ապա ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն կարող են հանգիստ պայմանավորվել նաև միասնական թեկնածուի հարցի շուրջ:

Կառավարման խորհրդարանական համակարգի անցնելը կարևորվում է նաև «Ժառանգության» կողմից, ինչի մասին այդ կուսակցությունը վաղուց էր խոսում: Հետևաբար՝ «Ժառանգության» հետ խորհրդակցությունները և այս գաղափարի շուրջ համաձայնության հասնելը տեսականորեն որևէ բարդություն չպետք է ներկայացնի:

Խորհրդարանական ուժերից Հայ ազգային կոնգրեսի ներսում թեև վերապահումներ կան խորհրդարանական հանրապետություն ունենալու շուրջ, սակայն այս թեմայով քննարկումներ սկսելու ԲՀԿ-ի առաջարկին դրական ազդակներ են հնչել: Եթե առաջադրված քաղաքական օրակարգը իրական հեռանկար է բացում համակարգային փոփոխությունների համար, ապա Կոնգրեսը շատ մեծ հավանականությամբ հնարավոր է՝ դաշինքի մաս կազմի:

Որքան էլ տարօրինակ է, 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի գաղափարի մասին դրական է արտահայտվել նաև ՀՀԿ-ի կրտսեր կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը:

Չնայած քաղաքական ուժերի միջև կոնսուլտացիաները դեռ առջևում են, բայց կարելի է ասել, որ գործնականում լուրջ հիմք է ստեղծվել ընդհանուր համաձայնության գալու համար: Ակնհայտորեն իշխանության հաշվարկներում այս սցենարը լրիվ անակնկալ էր, և այն հիմա լուսանցքում է հայտնվել։

Մեկնաբանել