Օբաման հստակեցրել է տնտեսական մարտահրավերները

Ամերիկյան բորսայական ինդեքսները Բարաք Օբամայի վերընտրմանն արձագանքել են շուրջ 2% անկումով։ Նոյեմբերի 7-ին արդյունաբերական Dow Jones-ը նվազել է 2,36%-ով, բարձրտեխնոլոգիական Nasdaq-ը՝ 2,48%-ով, S&P 500-ը՝ կորցրել 2,36%։ Փորձագետները բորսաների նման պահվածք կանխատեսել էին նախքան ընտրությունների արդյունքների հրապարակումը: Օբամայի մրցակիցը՝ հանրապետական Միթ Ռոմնին, ֆինանսական շրջանակներում ավելի լայն աջակցություն է վայելում, նա ընկալվում է որպես բիզնեսի շահերի պաշտպան, հարկադրույքների և սոցիալական ծախսերի կրճատման կողմնակից:

Հաղթանակից հետո իր առաջին ելույթում Օբաման հայտարարել է, թե մտադիր է ԱՄՆ-ը ազատել օտարերկրյա նավթի մատակարարումներից ունեցած կախվածությունից: Սակայն նրա մակրոտնտեսական հիմնական օրակարգը բյուջետային ծախսերի պահպանումը կլինի, որոնք պետք է խթանեն տնտեսական աճը։ Ի տարբերություն Ռոմնիի՝ Օբաման դեմ է բյուջետային ծախսերի կրճատմանը, քանի դեռ տնտեսությունը լիովին չի վերականգնվել, և չի նվազել գործազրկության բավական բարձր մակարդակը:

Գործազրկությունը վերընտրված նախագահի թերևս հիմնական տնտեսական մարտահրավերն է։ Օմաբան մտադիր է խնդիրը լուծել՝ խթանելով աճը արտադրության տարբեր ճյուղերում։ Նա առաջիկա չորս տարում արտադրության ոլորտում աճ և լրացուցիչ 1 մլն աշխատատեղ է խոստացել:

Արտադրությունը խթանելու համար երկրում կրճատվելու է կորպորատիվ հարկադրույքը, որը ներկայում 35% է. տեղացի արտադրողների համար այն կնվազի մեկ քառորդով՝ մինչև 26,25%: Բացի այդ՝ հարկային արտոնություններ կսահմանվեն այն ձեռնարկությունների համար, որոնք վարձում են նոր աշխատակիցներ կամ բարձրացնում նրանց աշխատավարձը:

Օբաման խոստացել է շարունակել $250 հազ-ից մինչև $1 մլն եկամուտներ ունեցող տնային տնտեսությունների համար հարկադրույքների կրճատման գործընթացը, որը սկսվել է դեռևս Բուշ Կրտսերի պաշտոնավարման ժամանակ: $1 մլն-ը գերազանցող եկամուտներ ունեցողների համար հարկադրույքը կկազմի 30%:

Խոստումներից ամենակարևորը թերևս Իրաքից և Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման արդյունքում խնայվող գումարները ճանապարհների, կամուրջների, օդանավակայանների և այլ ենթակառուցվածքների շինարարությանն ուղղելն է։ Միջոցները կարող են ուղղվել նաև բյուջեի դեֆիցիտի կրճատմանը։

Խնդրահարույց է նաև անշարժ գույքի ոլորտը, որի վերականգնումը, չնայած գործադրվող ջանքերին, բավական ցածր տեմպով է ընթանում: Օբաման մտադիր է աջակցել առավել թույլ վարկառուներին՝ նրանց ցածր տոկոսադրույքներով վերաֆինանսավորման հնարավորություն առաջարկելով։

Արտաքին տնտեսական քաղաքականության հարցերում Օբաման խոստացել է նոր սկզբունքներ կիրառել, որոնք կդադարեցնեն «առևտրային պատերազմները» Չինաստանի հետ։ Ծրագրի մշակումը կավարտվի մինչ 2016թ.։

Մեկնաբանել