Գլխավոր Լրահոս

Արհեստական հավկիթ արտադրելու վերաբերյալ լուրերը անհիմն են  

Արհեստական հավկիթ արտադրելու վերաբերյալ լուրերը անհիմն են  

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Հայկական մի շարք լրատվամիջոցներ տարածում են «Արտադրվում են արհեստական հավկիթներ․ ինչպե՞ս խուսափել» վերնագրով հոդվածներ, որոնցում նշում է, թե դրանք «ակտուալ են դարձել բնական հավկիթների գների զգալի թանկացման ֆոնին»։

«Համային հատկանիշներով արհեստական հավկիթները բավականին մոտ են իրականին, առանձնապես երբ դրանք օգտագործվում են ձվածեղի պատրաստման մեջ»,- նշված է հոդվածում:

Հոդվածը տարածել են mediahub.am, stemnews.am, ambion.am, ereko.am լրատվամիջոցները։

Հոդվածում ներկայացված տեղեկությունների իսկությունը քննարկման առիթ է դարձել քաղաքացիների շրջանում, և #CivilNetCheck-ն ընթերցողների խնդրանքով ստուգեց դրանք։

Հոդվածում արված պնդումները․ արհեստական ձու ստեղծելու փորձերը

«Արհեստական հավկիթների «բաղադրատոմսը» ներառում է մի շարք բաղադրիչներ՝ կալցիումի կարբոնատ, կալիումի կարբոնատ, կալիումի ալգինատ [...]  և սննդային ներկ»,- նշված է հոդվածում:

Քիմիական բաղադրիչներից արհեստական հավկիթներ պատրաստելու վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ կան նաև օտարալեզու աղբյուրներում։ 

Այդ լուրերից հետո որոշ երկրների համապատասխան պետական կառույցներն անգամ ուսումնասիրություն են արել, սակայն արհեստական կամ կեղծ հավկիթներ չեն հայտնաբերել։ Եվ չկա որևէ ընկերություն, որը երբևէ հայտարարել է արհեստական ձվերի արտադրության մասին։

Արհեստական ձու արտադրելու վերաբերյալ տարածվող հոդվածում միաժամանակ նշվում է, թե փորձ է արվում ստեղծել հավկիթի բուսական այլընտրանք։

«Արդեն մի քանի տարի է, ինչ փորձում են ստեղծել հավկիթի բուսական այլընտրանք, ինչպես արվել է բուսական կաթի կամ մսի դեպքում»,- նշված է հոդվածում:

Մինչդեռ, ոչ թե փորձեր են արվում, այլ արդեն իսկ գոյություն ունեն բուսական ձվեր, որոնք հիմնականում պատրաստվում են լոբուց, կոկոսի կաթից, նուշից և այլն։ Այս ձվերը վաճառվում են հեղուկ խառնուրդի կամ փոշիների տեսքով։ Կան նաև իրական ձվերի տեսքը նմանակող բուսական ձվեր։ Դրանք, սակայն, որոշակի համային տարբերություններ ունեն և համեմատաբար թանկ են։ Տեխնիկապես նաև ավելի բարդ է նման արտադրանք ստանալն, այդ պատճառով բուսական հավկիթներ արտադրող կազմակերպությունները շատ չեն։ 

Էկրանապատկերը՝ vox.com-ից

Գիտնականներին հաջողվել է նաև լաբորատոր պայմաններում հավի բջջիջներից միս ստանալ։ ԱՄՆ-ի Գյուղատնտեսության նախարարությունն անգամ երկու ընկերությունների թույլ է տվել լաբորատորիայում աճեցված հավի միս վաճառել։ Սինգապուրում լաբորատոր պայմաններում ստեղծված միսը վաճառվում է սկսած 2020-ից։ Այս դեպքում ևս լաբորատոր պայմաններում աճեցված միսն ավելի թանկ է, քան իրական հավի միսը։

Չնայած դրան, լաբորատոր պայմաններում ամբողջական արհեստական ձու ստեղծելու հաջողված փորձերի օրինակներ չկան տեղեկատվության բաց աղբյուրներում։ 

Արդյո՞ք Հայաստանում արտադրվում է արհեստական հավկիթ

Հոդվածն ընդհանրական է, չի հստակեցվում, թե Հայաստանում ևս արտադրվում և վաճառվում են արհեստական հավկիթներ, թե՞ ոչ։

Հայաստան ձու ներմուծվում է ընդհանուր՝ «թռչնի ձու՝ թարմ, կճեպով, պահածոյացված կամ եփված» ապրանքանիշի կոդով, այսինքն՝ սովորական հում ձվից բացի դրա մեջ այլ մթերքներ էլ են մտնում։

Հայաստանը 2024-ի առաջին կիսամյակում ներմուծել է շուրջ 1.9 միլիոն հատ ձու, հիմնականում՝ Վրաստանից, Ռուսաստանից, Չեխիայից և այլն։ 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տարեկան ստուգումներ է իրականացնում, այցելում է թռչնաֆաբրիկաներ, նաև բողոքների դեպքում է ստուգումներ իրականացնում։

Ինչ վերաբերում է ներմուծվող ձվին, ապա այս դեպքում ևս սահմանին ստուգումներ են իրականացվում։ #CivilNetCheck-ի հետ զրույցում ՍԱՏՄ-ից բացատրում են, որ նախ ձու արտահանելու համար արտահանողը պետք է թույլտվություն ստանա այն երկրից, որտեղից ձուն արտահանվում է։ Թույլտվությունը պետք է նաև հավաստի, որ արտադրանքն անվտանգ է։ Ներմուծման ժամանակ ՍԱՏՄ-ն իր հերթին սահմանին ստուգում է այդ երկրների տված փաստաթղթերի համապատասխանությունը։ 

«Հայաստան հիմնականում ներմուծվում է ինկուբատորային ձու, որից ճտեր են ստացվում, իսկ սեղանի ձվի առումով Հայաստանն ինքնաբավ է, շատ քիչ է ներմուծվում»,- նշում են ՍԱՏՄ-ից։

Իսկ եթե քաղաքացիները ձու են գնել, որի որակի կամ արհեստական լինելու հետ կապված կասկածներ ունեն, ապա կարող են դիմել ՍԱՏՄ-ին։

Այսպիսով, արհեստական հավկիթի արտադրության վերաբերյալ պնդումները չեն հաստատվում։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում