Լատինաամերիկյան գարուն․ արգենտինացիները փողոց են դուրս եկել

Բուենոս Այրեսում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելու երկրի կառավարության և նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների գործողությունների դեմ, հաղորդում է BBC-ն։

Ընդդիմության ակտիվիստներն օգտագործել են սոցիալական ցանցերը՝ կազմակերպելու երթը, որը նրանց խոսքով՝ հակակառավարական խոշորագույն ցույցերից մեկն է եղել այս տարի։

Ցուցարարները վստահեցնում են, որ հոգնել են ինֆլյացիայի աճից, հանցավորության բարձր մակարդակից և բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի մակարդակից։

Բուենոս Այրեսի ցույցի մասնակիցները բողոքել են նաև դոլարի գնման՝ անցյալ տարի սահմանված և այս տարի խստացված սահմանափակումների դեմ։

Երկրի իշխանությունները հայտարարում են, որ արգենտինական տնտեսության դանդաղումը գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանք է, այլ ոչ թե կառավարության քաղաքականության։

Նախագահի կողմնակիցները հայտարարում են, որ նրա քաղաքականությունից դժգոհ են հիմնականում միջին դասը և ունևոր մարդիկ այն դեպքում, երբ պետության ղեկավարի գլխավոր ձեռքբերումն իրական օգնությունն է բնակչության աղքատ շերտերին։

Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները Արգենտինայի նախագահի պաշտոնում վերընտրվել է անցյալ տարի, սակայն դրանից հետո նրա ժողովրդականությունը երկրի բնակչության շրջանում կտրուկ անկում է ապրել։

Համաձայն պաշտոնական տվյալների՝ Արգենտինայում ինֆլյացիան կազմում է 12%, սակայն վերլուծաբանները ենթադրում են, որ իրական թիվն ավելի բարձր է։

Արժույթի միջազգային հիմնադրամը սեպտեմբերին Արգենտինային զգուշացրել է, որ եթե երկիրը չհասնի տնտեսության աճի ու ինֆլյացիայի ընդունելի ցուցանիշների մինչև դեկտեմբեր, ապա նրան կարող են սպառնալ պատժամիջոցներ։