Քլինթոնն ու Բուշը՝ 2016թ․ նախագահական ընտրությունների հավանական թեկնածուներ

ԱՄՆ-ի 2016թ․ կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների հավանական թեկնածուներն են պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Ֆլորիդա նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը՝ Ջորջ Բուշ Ավագի որդին ու Ջորջ Բուշ Կրտսերի եղբայրը, գրում է վաշինգտոնյան հեղինակավոր Politico պարբերականը։

ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը, որը չորս տարի առաջ Դեմոկրատական կուսակցության փրայմերիզներում պարտվեց երկրի գործող նախագահ Բարաք Օբամային, վերջին տարիներին զգալի ավելացրել է քաղաքական կապիտալը։ Նրա ժողովրդականությունը մեծացրել է գործունեությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ի նախագահական ընտրությունների նախաշեմին Քլինթոնը հայտարարեց, որ ընտրությունների ցանկացած ելքի դեպքում լքելու է արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնը։

Ջեբ Բուշի օգտին խոսում է ծագումը, նախընտրական արշավի համար միջոցների մեծ ծավալ հավաքելու ունակությունը, կապերը Ֆլորիդայում, ինչպես նաև ժողովրդականությունը էթնիկ մեքսիկացիների շրջանում։

Politico-ի փորձագետները նշում են, որ 2016թ․ ընտրություններում ուժերի այսպիսի դասավորությունն առայժմ հնարավոր է միայն ենթադրության մակարդակում, քանի որ առայժմ պարզ չէ՝ կփորձի արդյոք Հիլարի Քլինթոնն իր բախտը նախագահական մրցարշավում երկրորդ անգամ, և չեն վախեցնի արդյոք Ջեբ Բուշին «նախնիների ստվերները»։

Մեկնաբանելով 2016թ․ Հիլարի Քլինթոն-Ջեբ Բուշ նախագահական մենամարտի հնարավորությունը՝ Ալեքս Քաստելանոսը՝ մեկը նրանցից, ովքեր մշակում են Հանրապետական կուսակցության ռազմավարությունը, ինչպես նաև Ջեբ Բուշի մտերիմ ընկերը, հայտարարել է․ «Մարդիկ սիրում են բրենդներ։ Իսկ քաղաքականությունում բրենդների համարժեքը քաղաքական դինաստիաներն են, ինչպիսին են Քլինթոնները և Բուշերը։ Ինչ էլ որ չլինի, մեր համակրանքի մի մասը միշտ նրանց կողմն է լինելու»։

Պարբերականը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ 2012թ․ նախագահական արշավը եզակի է եղել՝ 1976թ․ ի վեր պայքարում չի մասնակցել Ամերիկայի հայտնի քաղաքական ընտանիքների ներկայացուցիչներից ոչ մեկը։

Մեկնաբանել