Կարանտինային աշխատանքներ Արմավիրում` սիբիրախտի կանխարգելման ուղղությամբ

Արմավիրի մարզում նոյեմբերի 8-ին արձանագրված սիբիրախտի դեպքի կապակցությամբ ներկայում ընթանում են կարանտինային աշխատանքներ: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:

«Կարանտին կհայտարարվի, թե չէ, պարզ կլինի մոտ օրերս: Եթե միայն այս դեպքը լինի, այլ դեպք չգրանցվի, ապա կարանտինային աշխատանքերով կսահմանափակվենք, հակառակ դեպքում` ստիպված կլինենք անպայան կարանտին հայտարարել»,- ասաց Պիպոյանը:

Նա նաև հայտնեց, որ երեք օր առաջ Գեղարքունիքի մարզում հայտարարված կարանտինը կշարունակվի նվազագույնը 10 օր:

Կարանտինային աշխատանքները ենթադրում են կենդանիների, մսամթերքի տեղաշարժի արգելափակում, ախտահանման աշխատանքներ:

Պիպոյանը հաղորդեց նաև, որ Հայաստանի այլ մարզերում կենդանիների անկման նոր դեպքեր այս պահի դրությամբ չկան:

Նշենք, որ առողջապահության նախարարության հաղորդմամբ, սիբիրյան խոցի կասկածելի ևս մեկ դեպք է գրանցվել նոյեմբերի 8-ին` Արագածոտնի մարզի Ուշի գյուղում:

Նախօրեին նմանատիպ դեպքեր էին արձանագրվել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում: Սիբիրախտ հիվանդության նախանշաններով Մարտունու բժշկական կենտրոն էր հոսպիտալացվել ավելի քան երկու տասնյակ մարդ:

Մեկնաբանել