«Ալիտալիա»-ն գոհ է «Զվարթնոցի» հետ կնքած պայմանագրից

Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` «Ալիտալիա»-ն, դեկտեմբերից շաբաթական չորս անգամ Երևան-Հռոմ-Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթներ կիրականացնի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ալիտալիա»-ի ներկայացուցիչ Ջիովանի Սիմոնինին:

Հռոմ-Երևան չվերթները կիրականացվեն երեքշաբթի և ուրբաթ օրերը, Երևան-Հռոմ չվերթները` չորեքշաբթի և շաբաթ:

Սիմոնինիի խոսքով` երկկողմանի տոմսի արժեքը դեպի Հռոմ կսկսվի €290-ից: «Ալիտալիա»-ի ներկայացուցիչը նշեց, որ նման ցածր սակագին է սահմանվել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղղությունը նոր է, և ուղևորների ներգրավման խնդիր կա: ՍիվիլՆեթի հարցին` ուղևորափոխադրման սակագինը դեմփինգային է, թե շահույթ ապահովող, Սիմոնինն հստակ պատասխան չտվեց` նշելով, որ ամեն ինչ կախված է մի շարք գործոններից, մասնավորապես` ուղևորափոխադրումների հոսքերից:

Մեկ այլ հարցի, թե արդյոք «Ալիտալիայի» համար գոհացնող են «Զվարթնոցի» սակագները, քանի որ «Արմավիան» դժգոհում է այս կապակցությամբ, Սիմոնինին ասաց, որ գոհ է «Զվարթնոցի» հետ կնքած պայմանագրից:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն նշեց, որ բացի «Ալիտալիա»-ից` «Զվարթնոցը» ներկայում բանակցում է նաև Ryanair բյուջետային ավիափոխադրողի հետ` դեպի Հայաստան չվերթներ իրականացնելու նպատակով:

Մեկնաբանել