Վրաստանի ներքին գործերի նախկին նախարարին մինչև 10 տարի ազատազրկում է սպառնում

Վրաստանի գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Թբիլիսիի քաղաքային  դատարան երկրի ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայայի,  Զինված ուժերի միասնական շտաբի պետ Գեորգի Քալանդաձեի և 4-րդ բրիգադի հրամանատար Զուրաբ Շամատավայի նկատմամբ նախնական կալանք  սահմանվելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»: Երեկ Ախալայայի նկատմամբ մեղադրանք է սահմանվել քրեական օերնսգրքի 143-րդ և 133-րդ հոդվածներով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման և անձին անօրինական կերպով ազատությունից զրկելու մեղադրանքներով: Դատախազի խոսքով՝ նշված հոդվածնեորվ 3-10 տարի ազատազրկում է սպառնում:

Նա նաև չի բացառել, որ կներկայացվեն նաև այլ մեղադրանքներ: Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան ձերբակալվել է նոյեմբերի 7-ին դատախազությունում 4 ժամ տևած հարցաքննությունից հետո: Ախալայան Սաակաշվիլիի մերձավորներից է և երկրի ներքին գործերի նախարարությունը ղեկավարել է մինչ այս տարվա ամառ: Նա հրաժարական է ներկայացրել Թբիլիսիի Գլդանիի բանտի սկանդալի պատճառով, այնուհետ մեկնել է Վրաստանից, ինչը բազմաթիվ խոսակցությունների առիթ է դարձել: Այս շաբաթ նա  վերադարձել  է Թբիլիսի՝ հայտարարելով, թե պատրաստ է պատասխանել իրեն առաջադրված բոլոր հարցերին և մեղադրանքներին: