«Արմավիան» պետք է հասկանա, որ պետք է վճարի «Զվարթնոց»-ին կուտակած իր պարտքերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն:
Նրա խոսքով` «Արմավիան» օդանավակայանին առաջարկել է իր չվերթների սպասարկման համար գումար չգանձել, ինչը «Զվարթնոցի» համար ընդունելի չէ, քանի որ մի կողմից` դա կլինի խտրական մոտեցում այլ ավիաընկերությունների նկատմամբ, մյուս կողմից` «Զվարթնոցը» խնդիր ունի ապահովել թռիչքների և ուղևորների սպասարկման անվտանգությունը:
Հիշեցնենք` «Արմավիան» առաջարկել էր, որ օդանավակայանն անվճար սպասարկի իր չվերթները:
«Զվարթնոց»-ի գլխավոր մենեջերը նշեց, որ օդանավակայանը փորձել է օգնել «Արմավիային» և համագործակցել է ավիաընկերության հետ. գարնանից նվազեցրել է սպասարկման սակագները, որպեսզի ընկերությունը կարողանա լուծել իր ֆինանսական խնդիրները, սակայն ավիափոխադրողը զգալիորեն գերազանցել է պայմանավորված պարտքի սահմանաչափը:
«Սակագների իջեցումը մեզ համար այդքան էլ հեշտ չէր, քանի որ վերջին տարիներին «Զվարթնոցը» բավական լուրջ ներդրումներ էր կատարել նոր տերմինալի կառուցման և ժամանակակից պայմանների ապահովման ուղղությամբ»,- ասաց Վենդեն` հավելելով, որ «Զվարթնոցը» շարունակելու է համագործակցել «Արմավիայի» հետ: