Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը։ Այս մասին վարչապետը գրել է իր սոցիալական էջերում։
«Քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը, ով թե՛ հանրագումարով, թե՛ բարեվարքությամբ առավելագույն միավորներն է հավաքել մրցույթային փուլում»- գրել է Փաշինյանը։
Արթուր Նահապետյանը ներկայում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է, ավելի վաղ եղել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր:
Վարչապետը հայտնել է, որ նախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ է ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլն անցած բոլոր երեք թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի, Գևորգ Քոչարյանի հետ։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է 2024-ի նոյեմբերից:
Հակակոռուպցիոն Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը նոյեմբերի 18-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ին հայտարարել էր, որ դժգոհ է իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատանքից, և որ համբերության բաժակը լցվել է ու ինքը կայացնելու է որոշումներ։