«Հայկական ավիաուղիներ»-ը ժամանակավորապես կդադարեցնի թռիչքները

Ինքնաթիռային պարկի թարմացմամբ և նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունն ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Այս մասին ասված է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ ասված է, որ բոլոր այն ուղևորները, որոնք ունեն ամրագրված կամ ձեռքբերված տոմսեր ապրիլի 6-ից հետո, կարող են դիմել այն կազմակերպությանը, որի միջոցով գնել են տոմսը՝ գումարի ամբողջական հետվերադարձ կատարելու համար։

«Եթե ավիատոմսը ձեռք եք բերվել «Հայկական ավիաուղիներ»-ի կայքից, ապա խնդրում ենք Ձեր հայտն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ կցելով տոմսը և թողնելով հետադարձ կապի հեռախոսահամար։

Առաջիկայում «Հայկական ավիաուղիները» կներկայանա նոր ու հագեցած պարկով, ինչը հնարավորություն կտա ապահովել առավել հարմարավետ թռիչքներ մեր ուղևորների համար»,- ասված է հայտարարության մեջ։

Մեկնաբանել