Ինչ կկորցնի Հայաստանի մեդիա դաշտը առանց «Ազատության» 

Սիրանուշ Ադամյան

Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ութ դաշնային գործակալություններ կրճատելու մասին հրամանագիր է ստորագրել։ Դրանց թվում է նաև ԱՄՆ գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը (USAGM), որը վերահսկում է «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան» և «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցները։ Որոշման պատճառով կարող է փակվել նաև «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։

«Ազատության» հայկական ծառայությունը Հայաստանի ամենաազդեցիկ լրատվամիջոցներից է։ Մեդիա ոլորտի ներկայացուցիչները, քաղաքական վերլուծաբանները մտահոգություն են հայտնում, որ հայաստանյան մեդիադաշտը մեծապես կտուժի ռադիոկայանի հայկական ծառայության հնարավոր փակման պատճառով։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը միջազգային լրատվական ծառայություն է, որը գործում է 23 երկրում՝ 25 լեզվով, այդ թվում՝ հայերեն։ Այն ֆինանսավորվում էր USAGM-ի կողմից։ USAGM-ն ԱՄՆ-ի անկախ պետական ​​գործակալություն է, որը համակարգում է նորությունների և տեղեկատվության հեռարձակումը շուրջ 50 լեզվով:

«Ազատություն» ռադիոկայանի ակունքները գնում են 1950-ականներ՝ Սառը պատերազմի սկիզբ։ Այն նպատակ ուներ ապահովել անկախ և օբյեկտիվ տեղեկատվություն այն երկրներում, որտեղ լրատվամիջոցները պետական վերահսկողության ներքո էին և գործում էին սահմանափակումների պայմաններում։ Ռադիոկայանի հայկական ծառայությունը գործում է 1953-ից։

Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի՝ (IRI) 2024-ի սեպտեմբերին Հայաստանում անցկացրած հարցման համաձայն՝ մարդկանց մեծ մասը որպես հուսալի լրատվամիջոց «Ազատությունը» նշել է առաջինը՝ հեռուստատեսային լրատվականներից հետո։

Մեդիամասնագետ, «Հետք Մեդիա Գործարան» կրթական նախագծի ղեկավար Հարություն Մանսուրյանի խոսքով՝ «Ազատությունը» շատ կարևոր դեր ունի հայաստանյան մեդիադաշտում, և նրա գործունեության դադարեցումը լուրջ հարված կլինի մեդիադաշտին։ Նրա խոսքով՝ շատ կարևոր է «Ազատության» ամենօրյա լրատվությունը։

«Վերջին տարիներին «Ազատությունն» այն միջանկյալ կարևորագույն օղակն էր, որին քարկոծում էին և՛ աջից, և՛ ձախից, ինչը նշանակում էր, որ այն ճիշտ դիրքավորված լրատվամիջոց է»,- ասում է Մանսուրյանը։

Նրա խոսքով՝ մեդիադաշտի ազդեցիկ կազմակերպությունները, աշխատողները, մարդիկ ամեն ինչ պիտի անեն, որ «Ազատությունը» շարունակի գործել։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ «Ազատությունը» Հայաստանի տեղեկատվական դաշտում հազվադեպ լրատվամիջոցներից է, որն ունի մասնագիտական բարձր նշաձող։ «Ցավոք, այս տարիների ընթացքում Հայաստանի տեղեկատվական միջավայրում արձանագրվել է շարունակական անկում։ Այդպիսի լրատվամիջոցների գործունեության դադարեցումը Հայաստանի համար շոշափելի կորուստ է»,- ասում է Բադալյանը՝ հույս հայտնելով, որ գուցե գտնվեն լուծումներ, որոնց պարագայում լրատվամիջոցը կշարունակի գործունեությունը։

Հակոբ Բադալյանը

Վերջին շրջանում իշխանության տարբեր ներկայացուցիչներ թիրախավորում էին «Ազատություն» ռադիոկայանին՝ դժգոհելով իրենց հրապարակած նյութերից։ Օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառումներով «Ազատություն» ռադիոկայանին մեղադրում էին ֆեյքեր տարածելու ու միակողմանի լրատվության համար։

Հայաստանյան լրագրողական կազմակերպությունները դատապարտեցին այս թիրախավորումը՝ այն համարելով խմբագրական ազատությանը միջամտելու փորձ։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն իր հոդվածում «Ազատություն» ռադիոկայանին թիրախավորելու մասին գրել է, որ այն հավասարակշռված և անկողմնակալ լրատվություն տրամադրող ամենամեծ լրատվամիջոցն է Հայաստանում, և կառավարական պաշտոնյաների հարձակումները դրա ապացույցն են:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում փակ դռների հետևում հանդիպումներում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները արևմտյան գործընկերների հետ հանդիպումներում դժգոհում են Ազատության հայկական ծառայությունից՝ կեղծ պատումներ տարածելով նրա խմբագրական քաղաքականության և ղեկավարության մասին»,- գրել է Տիգրան Գրիգորյանը։ Ըստ նրա՝ քաղաքական և լրատվական բևեռացման միջավայրում «Ազատությունը» և անկախ այլ լրատվամիջոցներ կարևոր դեր ունեն հասարակությանը տեղեկացնելու և կառավարությանը հաշվետու պահելու հարցում։

Մինչև USAGM-ի ֆինանսավորման դադարեցումը՝ հունվարին Թրամփը ստորագրեց ԱՄՆ արտաքին օգնությունը 90 օրով սառեցնելու մասին հրամանագիր։ Ի վերջո հայտարարվեց, որ ԱՄՆ-ն չեղարկում է իր Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորման 83 տոկոսը: Այս կրճատումը մեծ հարված է նաև Հայաստանի՝ դրամաշնորհներով աշխատող լրատվամիջոցների համար։

Մեկնաբանել