Թուրքիայում քուրդ պատգամավորները ևս հացադուլ են անում

Թուրքիայում քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորներն անժամկետ հացադուլ են հայտարարել, հաղորդում է Radikal-ը:

Ըստ թերթի` Վանից ընտրված պատգամավոր Օզդալ Ուչերը և Դիարբեքիրի պատգամավոր Էմինե Այնանի այս քայլը նպատակ ունի աջակցել քուրդ հազարավոր հացադուլավորներին: Քուրդ պատգամավորները հայտարարել են, որ իրենց և հացադուլ անողների պահանջները նույնն են:

Միաժամանակ քրդական կուսակցությունները նախատեսում են իրականացնել երթեր, ցույցեր, բողոքի ակցիաներ` ի պաշտպանություն հացադուլ հայտարարած մարդկանց: Սկզբում հացադուլ էր հայտարարել մոտ 700 քուրդ բանտարկյալ, որոնց հետևել են լրագրողներ, բազմաթիվ այլ քաղաքացիներ: Հասարակական աշխատավորների արհմիությունների համադաշնության տվյալների համաձայն` բանտերում հացադուլ անողների թիվն ահռելի չափերի է հասել` շուրջ 10 հազ-ի:

Թուրքիան անհանգստացած է հացադուլ հայտարարողների ահագնացող տեմպերով: Այսօր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կոչ է արել դադարեցնել հացադուլները` այն համարելով պայքարի սխալ մեթոդ:

Թուրքական բանտերում հացադուլ անող քրդերը հրաժարվում են խոսել թուրքերեն և պահանջում են դատարանում քրդերենով պաշտպանվելու հնարավորություն տալ: Բանտարկյալների պահանջներից մեկն էլ Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ազատ արձակումն է:

Մեկնաբանել