Հայաստանցի օդային մարմնամարզուհին արժանացել է հատուկ մրցանակի

Հայաստանը ներկայացնող 16-ամյա օդային մարմնամարզուհի Հասմիկ Մանուչարյանն արժանացել է Մանկական և երիտասարդական կրկեսային կոլեկտիվների, դպրոցների և կատարողների «Կրկեսային ապագա» 4-րդ միջազգային փառատոնի «Հանդիսատեսի համակրանք» հատուկ մրցանակին: Փառատոնում, որն անց է կացվել նոյեմբերի 4-ին, Լուգանսկում (Ուկրաինա), հայ մարմնամարզուհին հանդես է եկել «Օդային ռապսոդիա» համարով: Այս մասին հաղորդում է Երևանի կրկեսի մամուլի բաժինը:

Փառատոնին մասնակցել է կրկեսային 50 կոլեկտիվ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Հոլանդիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից:  

Հասմիկ Մանուչարյանին մրցանակը հանձնել է Ուկրաինայի կրկեսային արվեստի վաստակավոր գործիչ, Լուգանսկի պետկրկեսի տնօրեն Դմիտրի Կասյանը:

Հասմիկ Մանուչարյանն 8 տարեկանից ուսանում է Երևանի Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային դպրոց-ստուդիայում, որի ղեկավարը կրկեսի արտիստուհի Նաիրա Պետրոսյանն է: Մարզիչ Գնել Սարգսյանի հետ համատեղ պատրաստած կրկեսային համարը նրան հաղթանակ է պարգևել Երևանում 2010 թվականին անցկացված Դելֆյան 6-րդ խաղերում:

Երևանի կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը, անդրադառնալով հայ օդային մարմնամարզուհու վերջին ձեռքբերմանը, ասել է. «Հասմիկ Մանուչարյանի հաղթանակը հնարավորություն է տալիս նախաձեռնել նրա մասնակցությունը Մոնտե-Կառլոյի ամենաներկայացուցչական Կրկեսի միջազգային փառատոնին՝ 2013 թվականին»: