ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների պարբերական հանդիպում-քննարկումները քաղաքական ուղղվածություն, ենթատեքստ չունեն։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով լրատվամիջոցներում Գյումրիի նախընտրական քարոզարշավում բանակի և բարձրաստիճան սպաների ներգրավվածության վերաբերյալ հրապարակումներին:
«ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց գործառույթների իրականացման շրջանակում զորամիավորումներում, տարբեր կայազորներում պարբերաբար հանդիպում-քննարկումներ են անցկացնում հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպումները քաղաքական ուղղվածություն, ենթատեքստ չունեն և բացառապես բանակային օրակարգի շրջանակում են»,- գրել է Թորոսյանը:
Նա նաև հորդորել է զերծ մնալ բանակի և նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ կատարելուց:
Այսօր «Հրապարակ» թերթը մասնավորապես գրել էր․ «Գյումրու ընտրություններին իրենց Սարիկի հաղթանակի համար իշխանություններն ընտրական գործընթացների մեջ ներգրավել են նաև բանակը։ Ռազմական ոստիկանության պետ, շիրակցի Աշոտ Զաքարյանն անցած շաբաթ Գյումրիում հավաքել է զորամասերի ղեկավարներին եւ հրահանգել, որ զորքը պետք է ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի օգտին քվեարկի, վերահսկեն, որ հրահանգն անշեղորեն կատարվի: Աշոտ Զաքարյանի «սխոդկայից» հետո հրամանատարներին «պատիվ» են տվել, այդ գործն էլ իր վրա է վերցրել Սուրեն Պապիկյանի հորեղբորորդին՝ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը»։