Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, կողմ է քվեարկել Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորումի ստեղծմանը։
«Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով նախաձեռնությանը 46 անդամներից 29-ը կողմ է քվեարկել։ Նախագիծը Շվեյցարիայի իշխանություններին կոչ է անում հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։
Այս նախաձեռնության նպատակն է ապահովել բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձը իրենց պատմական հայրենիք։
Կանտոնների խորհրդի որոշումը հաջորդում է Ազգային խորհրդի՝ խորհրդարանի ստորին պալատի կողմից նույն առաջարկի ընդունմանը։ Երկու պալատների հավանությամբ №24.4259 նախագիծը ստանում է օրենքի ուժ՝ պարտավորեցնելով Դաշնային խորհուրդը սկսել իր իրականացումը։
Սա առաջին դեպքն է, երբ խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունել են որոշում, որը վերաբերում է հայկական հարցին։ Բռնի տեղահանված անձանց վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի հիմնասյուներից է, որը հաստատված է բազմաթիվ իրավական նախադեպերով և միջազգային հռչակագրերով։
Մասնավորապես՝ Միջազգային արդարադատության դատարանի 2023-ի նոյեմբերի որոշումն ու Եվրոպական խորհրդարանի 2024-ի մարտի և հոկտեմբերի բանաձևերը վերահաստատում են այս սկզբունքը՝ կոչ անելով Ադրբեջանին ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կարողանան ապահով ու արժանապատվորեն վերադառնալ իրենց տները։
Խաղաղության այս ֆորումի նախաձեռնությամբ Շվեյցարիան վերահաստատում է իր հավատարմությունը հումանիտար երկխոսությանը, միջազգային իրավունքին և կառուցողական դիվանագիտությանը՝ ի նպաստ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության։
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ այս բանաձևը վճռորոշ կարևորություն ունի, առաջին հերթին հստակ ուղերձով. Շվեյցարիան Լեռնային Ղարաբաղի հարցը չի դիտարկում որպես լուծված և հրաժարվում է նորմալացնել հայերի բռնի տեղահանությունը։
«Այս բանաձևը հաստատապես նշում է, որ հարցը պահանջում է լուծում և առաջարկում է Շվեյցարիան որպես չեզոք հարթակ՝ կողմերի միջև նոր բանակցությունների համար։ Այս բանաձևի կարևորությունը ընդգծվում է հայ և ադրբեջանական իշխանությունների միջև Արցախի ժողովրդի վերադարձի վերաբերյալ իրական երկխոսության ցավալի բացակայությամբ։ Ապագայի առումով, այս գործընթացը պետք է առաջ շարժվի»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Ստեփանյանը։
Նրա խոսքով, երկու պալատների կողմից ընդունված բանաձևն այժմ ունի օրենքի ուժ, և գործադիր իշխանությունը պարտավոր է կյանքի կոչել դրա դրույթները։
«Մենք առավելագույն ջանք կգործադրենք, որպեսզի այս համաժողովը դառնա իրականություն՝ առաջարկելով կենսական հարթակ մեր մտահոգությունները հնչեցնելու և մեր վերադարձի անհրաժեշտության մասին քննարկելու համար»,- նշեց Գեղամ Ստեփանյանը։