Մենք ադրբեջանական կողմից ակնկալում ենք որոշակի փաստական տվյալներ ստանալ՝ ուսումնասիրելու համար, թե հայկական կողմից նման խախտումներ եղել են, թե ոչ․ մարտի 18-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրություններին։
«Ադրբեջանի կողմից որևէ փաստական տվյալ չի ներկայացվել, որովհետև այդպիսիք չեն էլ կարող լինել։ Մենք ևս մեկ անգամ պետք է հիշեցնենք, որ Ադրբեջանի հետ երկկողմ խոսակցություններում ոչ մեկ անգամ առաջարկել ենք մեխանիզմ, որով մենք կվերահսկենք սահմանին իրավիճակի և հրադադարի հնարավոր խախտումները, որևէ արձագանք Ադրբեջանի կողմից չենք ստանում»,- ասաց Հովհաննիսյանը։
Ըստ պատգամավորի՝ համաձայնեցված խաղաղության պայմանագրի համատեքստում «է՛լ ավելի անհասկանալի է դառնում Ադրբեջանի նման քաղաքականությունը»։ Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ «Ադրբեջանը կառուցողական դաշտ կվերադառնա խաղաղության տեքստի համաձայնությունից և միջազգային հանրության կոչերից հետո»։
Սահմանադրության փոփոխությունը և Ադրբեջանը
«Սահմանադրության փոփոխության հարցը Հայաստանի Հանրապետության ներքին հարցն է, որևէ մեկը չի կարող ներգրավվել Հայաստանի ներքաղաքական կյանքին և ինչ-որ բաներ պարտադրել։ Հայաստանի սահմանադրության հասցեին հնչող մեղադրանքները, թե իբր տարածքային պահանջներ կան, այս հարցը լուծված է (․․․)։ Խաղաղության համաձայնագրի տեքստում էլ է այս հարցը լուծված առ այն, որ միջազգայնորեն ստանձնած պարտավորություններն, ըստ էության, վեր են լինելու ներպետական օրենսդրությունից»,- ասաց Հովհաննիսյանը։
Իսկ ի՞նչ ընթացակարգով Հայաստանը կգնա սահմանադրական փոփոխությունների։ Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ «դա կանեն, երբ կգա պատեհ պահը»։
«Մենք խոսում ենք նրա մասին, որ մեր Սահմանադրությունը պետք է լինի ժամանակակից սահմանադրություն՝ արտահայտող ժամանակակից Հայաստանի Հանրապետության նպատակները, և այսքանով սահմանափակվում ենք»,- ասաց խմբակցության քարտուղարը։
Անդրադառնալով Ադրբեջանի պահանջներին՝ Հովհաննիսյանը նշեց. «Ինչպե՞ս եղավ, որ հանկարծ Ալիևն էլ սկսեց ասել՝ ահա գնացեք, փոխեք սահմանադրությունը։ Ես կարծում եմ՝ շատ տրամաբանական պրոցես է տեղի ունենում, քանի որ շատ լավ իմանալով մեր ներսում եղած քննարկումները և որ մեզ մոտ հակառակ ռեակցիան է տալիս ցանկացած հայտարարություն, որը Ադրբեջանից հնչում է, Ադրբեջանը, ըստ էության, օգտագործում է այս լծակը նաև երկրի ներսում որոշակի լարվածություններ առաջացնելու համար և մեզ թույլ չտալու, որ մենք գնանք փոփոխությունների»,- ասաց Հովհաննսիյանը։
Պատասխանելով խաղաղության համաձայնագրի տեքստի հրապարակման մասին հարցին՝ Հովհաննիսյանը ասաց, որ որոշակի իրավական գործընթացներից հետո միայն հնարավոր կլինի ժամկետներ նշել։
Լիա Ավագյան