Ադրբեջանը «կտրականապես» մերժել է Հայաստանի վարչապետի գրասենյակի այսօրվա հայտարարությունը, որը, ըստ այդ երկրի ԱԳՆ-ի, «խեղաթյուրում է սահմանային շրջաններում իրականությունը և փաստերը»։
Պաշտոնական Բաքուն՝ ի դեմս ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի, «կայունության անհրաժեշտ նախապայման» է համարել «հրաձգության և հայ զինվորականների ակնհայտ սադրանքների դադարեցումը», որոնք իբր ֆիքսվել են տեսախցիկներով և որոնց մասին իբր հայկական կողմը ծանուցվել է։
Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է «բարի կամքի դրսևորում» և «անհիմն» է որակում Երևանի «վերացական և գործնականում անհնարին առաջարկները»։
«Եթե Հայաստանի կառավարությունը, ինչպես հայտարարում է վարչապետի գրասենյակը, առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ապա այն պետք է բացատրի, թե ինչպես է այդ օրակարգին նպաստում զանգվածային ռազմականացումը, ներառյալ հարձակողական զինատեսակների տեղակայումը սահմանային շրջաններում», – ասել է Հաջիզադեն։
Մեղադրանքների շարք հնչեցնելով՝ Բաքուն նորից կրկնել է Սահմանադրությունը փոխելու պահանջը, որի չկատարումն իբր «լուրջ մտահոգություն է առաջացնում»։ Հերթական անգամ ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունը։
«Ինչ վերաբերում է հաղորդակցությունների բացման հարցին, Հայաստանը չորս տարի շարունակ չի կատարել այդ պարտավորությունները, չնայած գրավոր ամրագրված և ստորագրված համաձայնություններին, որոնք նախատեսում են Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Փոխարենը, գործընթացից և իր պարտավորություններից ուշադրությունը շեղելու համար, Հայաստանը առաջարկել է այլընտրանքային երթուղիներ, որոնք գործնականում անհնար են, անարդյունավետ և անիմաստ։ Եթե հայկական կողմն իսկապես հետաքրքրված է այս հարցով, ապա չպետք է խուսափի իր պարտավորություններից և պետք է ձեռնարկի գործնական քայլեր՝ հաղորդակցությունների բացման ուղղությամբ՝ ըստ տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների», – նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։