Այս շաբաթ դրամն արժեզրկվել է 3 տոկոսային կետով, չնայած շաբաթվա ընթացքում դոլարի պահանջարկն այդքան էլ մեծ չի եղել։ Արտարժույթի շուկայում իրականացված գործարքների ծավալից երևում է, որ շուկայում նույնիսկ եղել է դոլարի ավելցուկ։
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է մոտ $77,8 մլն և վաճառվել $83,8 մլն։ Նախորդ շաբաթվա միջին ցուցանիշի համեմատ բանկերն $18,6 մլն-ով քիչ արտարժույթ են գնել, իսկ վաճառքի ծավալը նվազել է $27,8 մլն-ով։
Եթե հաշվի առնենք այլ արտարժույթներով, մասնավորապես՝ ռուբլով գործարքների ծավալները, ապա մոտավոր հաշվարկներով շուկայում եղել է շուրջ $10 մլն-ի ավելցուկ։ Չնայած ավելցուկի՝ դրամն արժեզրկվել է։ Չի բացառվում, որ դրամի արժեզրկումն եղել է ուղղորդված։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում շաբաթվա ընթացքում գործարքների ծավալից և միջին փոխարժեքից երևում է, որ թեև շուկայում եղել է դոլարի ավելցուկ, փոխարժեքը շարունակել է թելադրել առաջարկը։ Արդյունքում նոյեմբերի 9-ին բորսայում գործարք չի իրականացվել։
Մյուս կողմից՝ կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքային տատանումներ և սպասումներ չկան։ Դրա մասին է վկայում առքի և վաճառքի մարժան։ Բանկերը դոլարը նոյեմբերի 9-ին գնել են $1/408դրամ միջին փոխարժեքով և վաճառել $1/411 դրամ-ով։