Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Իմամօղլուն

Թուրքական իշխանությունները Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ձերբակալելու որոշում են կայացրել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Իմամօղլուն համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առանցքային հակառակորդներից։

Իրավապահ համակարգի գործողությունների հետևանքով ձերբակալվել է նաև Իմամօղլուի մամուլի խոսնակը, ինչպես նաև շուրջ 105 աշխատակից՝ այդ թվում Ստամբուլի շրջանային որոշ ղեկավարներ։

Թուրքիայի ամենամամեծ ընդդիմության՝ քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուին կասկածում են ահաբեկչության, անօրինականության և կոռուպցիայի մեջ։

Ստամբուլի քաղաքապետը ձերբակալումից առաջ կարճ տեսանյութով է հանդես եկել՝ նշելով, որ չի հանձնվի և չի համակերպվի իրավիճակին։

Իմամօղլուին ձերբակալելու որոշումից առաջ էլ Ստամբուլի համալսարանը չեղյալ է հայտարարել նրա՝ բարձրագույն կրթության մասին դիպլոմը, ինչը խիստ հարցականի տակ է դնում առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածու դառնալու հնարավորությունը։

Ստամբուլի նահանգապետարանը քաղաքի քեմալական քաղաքապետ Իմամօղլուի և նրա համակիրների ձերբակալման որոշումից հետո, «հասարակական կարգը պահպանելու և սադրիչ գործողությունները կանխելու» նպատակով, մարտի 19-23-ը արգելել է քաղաքում ցանկացած հանրահավաքի, ցույցի անցկացումն ու մամուլի հայտարարությունները։

Ժողովրդահանրապետական կուսակցության Ստամբուլի քաղաքապետը հաջորդ նախագահական ընտրություններում համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը։

Գեորգի Միրզաբեկյան

Մեկնաբանել