Փուչիկների գործով դատապարտվածի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր

Փուչիկների գործով մեկ տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Կարեն Մանուչարյանը: Նա երեկ ահազանգել է իր պաշտպանյալի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին:

«Երեկվանից հետո դրական փոփոխություն չկա: Վիճակը վատթարացել է ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյահոգեբանական առումով»,- ասաց նա՝ հավելելով, որ 4-5 օր առաջ Բոզոյանն արյունահոսել է, շտապ օգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց: Վիրահատության անհրաժեշտություն է արձանագրվել, սակայն չի վիրահատվել, քանի որ անհրաժեշտ է եղել 160 հազ. դրամ: Փաստաբանի խոսքով՝ Բոզոյանի ընտանիքն այդ գումարը չունի, քանի որ գտնվում է սոցիալապես անապահով վիճակում:

Բոզոյանը քաղցկեղ ունի, նա 2009թ. վիրահատվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտում, որից հետո գտնվել է Նոր Նորքի տեղամասային ուռուցքաբանի հսկողության ներքո: 

Փաստաբանը նշեց նաև, որ բանկերը հրաժարվում են վարկ տրամադրել դատապարտյալին վիրահատության համար:

Մանուչարյանը վերահաստատեց նաև այն լուրը, որ առաջիկայում իրենք կդիմեն Վերաքննիչ դատարան` բողոքարկելու դատարանի վճիռը:

Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում գազալիցքավորված փուչիկների պայթյուն և հրդեհ էր տեղի ունեցել։ Հրդեհի հետևանքով միջոցառման մասնակիցները ստացել էին տարբեր աստիճանի այրվածքներ և մարմնական վնասվածքներ։