ՀՀ պետբյուջեից ավելի քան 7,5 մլն դրամ է հատկացվել թուրքական ԶԼՄ-ների՝ հայաստանյան մեդիատուրի համար։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից։
«Հայաստան-Թուրքիա կարգավորմանը նպաստելու նպատակով կազմակերպված թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների եռօրյա մեդիատուրի իրականացման համար կատարվել են տեղափոխման, կեցության և սննդի ծախսեր, որոնք ընդհանուր կազմել են 7,550,280 դրամ»,- նշել են ՊՈԱԿ-ից:
Թուրքիայից Հայաստան և հետադարձ տեղափոխման ծախսերը, ներառյալ մուտքի արտոնագրի աջակցությունը, կազմել է 2,035,000 դրամ: Հայաստանի տարածքում տրանսպորտային ծախսերը կազմել է 260,000 դրամ:
Այցելության ընթացքում լրագրողների կեցության ապահովման համար ծախսվել է 2,301,000 դրամ, իսկ սննդի ապահովման համար՝ 1,865,880 դրամ: Բացի այդ, փորձագիտական քննարկումների անցկացման նպատակով երկու օրվա համար հյուրանոցի սրահի և տեխնիկայի վարձակալությունը կազմել է 1,088,400 դրամ:
ՊՈԱԿ-ից նշել են, որ թուրքական լրատվամիջոցներին կամ դրանց ներկայացուցիչներին որևէ վճար, օրապահիկ կամ հոնորար չի տրամադրվել:
Գնումները կատարվել են մեկ անձից գնման ընթացակարգով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գնումների մասին օրենսդրության համապատասխան դրույթների: