Պատիվ է հյուրընկալվել հինավուրց, դարավոր մշակույթով երկրում. դիրիժոր Լ.Մաազելի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևան ժամանած Ամստերդամի Թագավորական կոնցերտգեբաու նվագախմբի դիրիժոր Լորին Մաազելին, բրիտանական հեղինակավոր Հարիսոն Փարրոթ արվեստի մենեջմենթի ընկերության հիմնադիր և ղեկավար Ջասպեր Փարրոթին և Եվրամիության փառատոնային ասոցիացիայի նախագահ Դարկո Բրլեկին. տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Սերժ Սարգսյանը ողջունել է աշխարհահռչակ նվագախմբի այցը մեր երկիր և այսօր երեկոյան նվագախմբի՝ Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում նախատեսված համերգը հայ երաժշտասեր հասարակայնության համար բարձր արվեստի հետ շփվելու ևս մեկ հրաշալի հնարավորություն և մեծ իրադարձություն համարել: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում հպարտ են հյուրընկալելու հռչակավոր դիրիժոր Մաազելի գլխավորած նույնքան հռչակավոր նվագախումբը:

Լորին Մաազելն իր և նվագախմբի անունից շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ խոսքերի համար՝ նշելով, որ մեծ պատիվ է հյուրընկալվել հինավուրց մի երկրում, որը հայտնի է իր դարավոր մշակույթով: