ԱԺ-ը մերժել է նվազագույն աշխատավարձ սահմանելիս գնաճը հաշվի առնելու առաջարկը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվել է«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը. տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:

Նախագծով կհստակեցվեն էլեկտրաէներգետիկական համակարգում զարգացման ծրագրերի և դրանցից բխող անվտանգության և հուսալիության ցուցանիշների մշակման, Էներգահամակարգում հուսալիության ցուցանիշների վերլուծության, այդ մասին իրազեկման և նրանց հետագա կատարելագործման հետ կապված հարցերն ու պարտավորությունները, ջերմաէներգետիկայի և արևային էներգետիկայի ոլորտների զարգացման համար կստեղծվեն լրացուցիչ խթանիչ մեխանիզմներ:

Հանձնաժողովը քննարկել է նաև «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:

Նախատեսվում է արտոնագրային վճար վճարող համարվելու համար նախապայման հանդիսացող տարեկան իրացման շրջանառության 6 մլն դրամի շեմը բարձրացնել մինչև 9 մլն դրամ, միասնականացնել արտոնագրային վճարի օբյեկտ համարվող գործունեության տեսակներով զբաղվող բոլոր սուբյեկտների մասով արտոնագրային վճարներ կատարելու ժամկետները, արտոնագրային վճարների համակարգում ներառել ևս գործունեության հինգ տեսակներ, սեզոնայնության գործոնով պայմանավորված` բացօթյա վայրերում հանրային սննդի գործունեության կազմակերպման որոշ ամիսների մասով սահմանել արտոնագրային վճարի առավել ցածր դրույքաչափեր և կատարել որոշակի խմբագրական փոփոխություններ` նպատակ ունենալով կարգավորել օրենքի կիրառության ընթացքում ի հայտ եկած որոշ անհստակություններ:

Հովհաննես Մարգարյանը տեղեկացրել է, որ կառավարության հետ պայմանավորվել են իր և Հեղինե Բիշարյանի հեղինակած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը միավորել կառավարության ներկայացրած, վերը նշված նախագծի հետ և որպես համահեղինակներ՝ հանդես գալ համատեղ օրինագծով:

Հանձնաժողովը քննարկել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի տեղեկացմամբ՝ նախագծով նախատեսվում է սև մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի յուրաքանչյուր տոննայի արտահանման համար սահմանել բազային տուրքի 80-ապատիկի, իսկ գունավոր մետաղների ջարդոնի յուրաքանչյուր տոննայի արտահանման համար` բազային տուրքի 250-ապատիկի չափով պետական տուրքեր:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծերին առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը Մհեր Շահգելդյանի, Հեղինե Բիշարյանի, Իշխան Խաչատրյանի, Կարեն Բոթոյանի, Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին «ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգել է մինչև մեկ տարի ժամկետով:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկվել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած՝ «Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին» և «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Հեղինակը օրենքների նախագծերի ընդունումը կարևոր է համարում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում 2012 թվականին ձևավորված միջին կենսաթոշակը կազմում է միջին աշխատավարձի 26 տոկոսը: Միջին աշխատավարձ և միջին կենսաթոշակ հարաբերությունը աշխարհի երկրների մեծ մասում օրենսդրորեն սահմանված է: Ըստ հեղինակի՝ Հայաստանում, որտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն տատանվում է 3-7 հազար դոլարի սահմաններում, իսկ կենսաթոշակային տարիքը գտնվում է 63-65 միջակայքում, 35-40 տոկոս միջին աշխատավարձի նկատմամբ միջին կենսաթոշակ սահմանելը պարտադիր պայման է բնակչության մի հատվածի աղքատության հաղթահարման համար: 2013-2018թթ. յուրաքանչյուր տարի կպահանջվի տարեկան մոտ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար այս օրենքի պահանջների կատարման համար:

Օրինագծերի այս փաթեթի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը բացասական է, քանի որ ներկայացված նախագծերը չեն բխում կենսաթոշակային ապահովության ոլորտում վարվող քաղաքականությունից: Հատկապես վիճահարույց է այն, որ ներկայացված նախագծերի ընդունման դեպքում պետք է համամասնորեն բարձրացվեն բոլոր կենսաթոշակների չափերը, ինչը էլ ավելի կխորացնի կենսաթոշակների չափերի միջև տարբերությունը: Նախագծերի փաթեթը չի համապատասխանում նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի պահանջներին:

Հանձնաժողովը քննարկել է նաև պատգամավորներ Աղվան Վարդանյանի, Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի, Արմեն Բաբայանի հեղինակած «Նվազագույն աշխատավարձի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է երկրում նվազագույն աշխատավարձի չափը սահմանելիս հաշվի առնել գնաճի մակարդակը, կենսաապահովման նվազագույն բյուջեն կամ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը, ինչպես նաև միջին աշխատավարձը: Հանրային ծառայության ոլորտում կամրագրվի աշխատավարձերի նվազագույն` բազային դրույքաչափերի կապը միջին աշխատավարձին: Այն, ըստ հեղինակների, կապահովի նաև ստվերային տնտեսության կրճատում:

Կառավարությունը այս նախագծին նույնպես բացասական եզրակացություն է տվել՝ նշելով, որ տնտեսական հետևանքների և փոփոխությունների ապահովման ռեսուրսային ապահովվածության հիմնավորումներ չկան: Մյուս կողմից առաջարկվող նվազագույն ամսական աշխատավարձի ավելացումը չի հանգեցնի ստվերային տնտեսության ծավալների նվազեցմանը:

Հանձնաժողովը օրենքների նախագծերին դրական եզրակացություն չի տվել:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը եւ տվեց դրական եզրակացություն:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը , Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկել և դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2013 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար: Ամփոփելով բյուջետային քննարկումների առաջին փուլը՝ հանձնաժողովի պատգամավորներն իրենց ելույթներում հնչեցրին նախագծի վերաբերյալ նկատառումներ, առաջարկներ, տեսակետներ: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կառավարության ներկայացրած բյուջեի նախագիծը բնորոշեց որպես հետճգնաժամային կայուն զարգացում ապահովող՝ նկարագրելով մակրոտնտեսական կայուն միջավայրն ու մեջբերելով ցուցանիշները: Հանձնաժողովի նախագահն ընդգծեց տնտեսական աճի բարձր տեմպը, եկամուտների եւ ծախսերի աճը համապատասխանաբար 13 եւ 10 տոկոսներով, գնաճի թիրախավորված 4 տոկոսանոց մակարդակը: Բանախոսը դրական գնահատեց նաեւ դեֆիցիտը կրճատելու գործադիրի ռազմավարությունը, պետական պարտքի նվազեցմանն ուղղված զգալի միջոցների առկայությունը: Պրն Մինասյանը խոսեց նաեւ մի առանձնահատկության մասին. «Բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելով՝ կառավարությունը նախատեսում է պարտադիր դարձնել բյուջեն ծրագրերով ներկայացնելու մոտեցումը, որն առավել արդյունավետ է:

Պատգամավորները սահմանված կարգով առաջարկներ են ուղարկել նաև կառավարությանը: Հանձնաժողովի անդամների ելույթներից հետո քննարկումներն ամփոփել են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը և ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նիստի օրակարգում էր նաև բյուջեի նախագծի և տարեկան հաշվետվության՝ մշտական հանձնաժողովներում քննարկումների ժամանակացույցին վերաբերող հարցը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը բյուջետային քննարկումների ընթացքում առաջարկել էր վերանայել ժամանակացույցի կառուցվածքը՝ մինչ ծախսերին անդրադառնալը եկամուտների ձեւավորման հարցը քննարկելն առավել արդյունավետ համարելով: Հանձնաժողովը որոշեց հարցի վերաբերյալ որոշում ընդունել միջազգային փորձը ուսումնասիրելուց հետո:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հանձնաժողովի գնահատմանն է ներկայացրել պալատի 2013 թ. գործունեության տարեկան ծրագիրը: ՎՊ-ն առանձնացրել է ուսումնասիրության 17 ուղղություն: Ծրագրի թիրախը, ըստ Իշխան Զաքարյանի, գնումների համակարգն է ու նախահաշիվները քաղաքաշինության ոլորտում: Վերլուծությունը մասնագետներին բերել է համոզման, որ հենց այս երկու ոլորտներում են հիմնականում փոշիանում բյուջետային միջոցները: Ծրագրով նախատեսվում է ուսումնասիրություններ կատարել մի շարք նախարարություններում, ինչպես նաև ՀՀ նախագահի, Ազգային ժողովի և կառավարության աշխատակազմերում: ՎՊ նախագահը հանձնաժողովի նիստում տեղեկացրել է, որ ծրագիրն առանձին քննարկվել է խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի հետ, նաև նախատեսվում է պալատի աշխատանքներին մասնակցելու հնարավորություն տալ յուրաքանչյուր խմբակցությունից մեկական պատգամավորի: Գագիկ Մինասյանն այս նորամուծությունները համարեց կարեւոր եւ նկատեց, որ պատգամավորներին գործնականում տրվում է ՎՊ խորհրդի անդամի լիազորություն: Իշխան Զաքարյանը հնարավոր համարեց ծրագրի լրացուցիչ մասում ընդգրկել նաև պետական ծառայողների սոցիալական փաթեթները, ինչի վերաբերյալ առաջարկ էր ստացել խմբակցությունից: Հնչեցին նաև այլ առաջարկներ, որոնք ծրագրում արտացոլելու պատրաստակամություն հայտնեց բանախոսը: Հանձնաժողովը ՎՊ ծրագիրը դրական գնահատեց:

ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը հանձնաժողովի հաստատմանը ներկայացրել է երկու համաձայնագիր: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում-առաջին փուլ» ֆինանսական պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» համաձայնագիրը որոշակի փոփոխություններ է առաջարկում ֆինանսական պայմանագրի տեխնիկական նկարագրում: Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագրով բանկը Հայաստանին կտարամդրի 5 մլն եվրոյի վարկ՝ մետրոյի թունելների վերակառուցման, կայարանների ու ծառայողական շինությունների բարելավման, վագոնների արդիականացման, դրենաժային թունելի վերանորոգման նպատակով: Գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց համաձայնագրերին ընդգրկելու քառօրյա նիստերի օրակարգում:

ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում մեկ հարց էր՝ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը: Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ հրավիրված նիստում նախագծի հեղինակը՝ Տաճատ Վարդապետյանը, առաջարկել է փաստաթղթի քննարկումը հետաձգել մինչև մեկ տարով:

Հանձնաժողովը որոշել է նոյեմբերի 16-ին արտագնա նիստ անցկացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

Նույն օրը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկել և ԱԺ աշնանային, ինչպես նաև առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար դրական եզրակացություն է տվել պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Նաիրա Կարապետյանի, Էդմոն Մարուքյանի և Կարինե Պողոսյանի հեղինակած «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը, ինչպես իր ելույթում ասաց հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը, կնպաստի բաժնետիրական ընկերությունների գործունեության հստակ կարգավորմանը, նրանց կողմից բոլոր բաժնետերերի շահերի զուգակցման հաշվառմամբ քաղաքականության իրականացմանը, բաժնետիրական ընկերության վերստուգող հանձնաժողովի գործունեության արդյունավետության և օրինականության բարձրացմանը:

Նախագծով առաջարկվող լրացումները վերաբերում են բաժնետիրական ընկերության՝ ժողով անցկացնելու վայրի ընտրությանը և վերստուգող հանձնաժողովի անդամ հանդիսանալու իրավասությանը:

Հանձնաժողովի անդամները, հաշվի առնելով հնչեցված առաջարկները, առաջարկել են հստակեցնել նախագիծը, ինչը համահեղինակն ընդունեց:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել  նաև պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Գագիկ Մինասյանի հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույցը հաստատելու մասին» օրենքի նախագծին, որը կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Ըստ ժամանակացույցի՝ ԱԺ 12 մշտական հանձնաժողովներն իրենց հերթական նիստերը պետք է անցկացնեն սահմանված օրը և ժամին, որպեսզի ԱԺ փոքրաթիվ խմբակցությունների պատգամավորները հնարավորություն ունենան մասնակցելու բոլոր հանձնաժողովների նիստերին:

Հանձնաժողովը քննարկել է նաև պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Ռուբիկ Հակոբյանի հեղինակած «2012 թվականի հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների, ինչպես նաեւ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության և ամենաթողության համար պատասխանատու և մեղսակից գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» և պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի, Ալեքսանդր Արզումանյանի և Խաչատուր Քոքոբելյանի հեղինակած «Կոռուպցիոն դրսևորումների և փաստերի վերաբերյալ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծերը, որոնք դրական եզրակացություն չեն ստացել:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկել է 2012 թվականի մայիսի 10-ին և 2012 թվականի մարտի 12-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում-առաջին փուլ» ֆինանսական պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» համաձայնագիրը, որի նպատակը ֆինանսական պայմանագրի տեխնիկական նկարագրի փոփոխությունն է: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը տեղեկացրել է, որ ոլորտում կատարվելիք ներդրումների շնորհիվ կբարելավվեն մետրոյի ուղեգծի անվտանգ շահագործումը և ուղևորափոխադրումների հարմարավետությունը: Նախատեսվում է նաև վերջնականապես լուծել մետրոյի թունելներում ջրի ներթափանցման խնդիրը:

Վարդան Արամյանը ներկայացրել է նաև 2012 թվականի օգոստոսի 3-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջեւ «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որի նպատակն է ֆինանսավորել գերակա կապիտալ ներդրումներ՝ Երևանի մետրոյի համակարգը վերակառուցելու համար:

2011 թվականի հունիսի 19-ին Տիրանայում ՍԾԱԶԲ Կառավարիչների խորհրդի կողմից թիվ 131 որոշմամբ ընդունված «Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հիմնադրման մասին» համաձայնագրի փոփոխությունները ներկայացրեց Վարդան Արամյանը: Նա տեղեկացրել է, որ փոփոխությունները նպատակ ունեն Կառավարիչների խորհուրդն օժտել բացառիկ իրավունքով՝ ընդհանուր համաձայնության հիման վրա փոփոխելու բանկի հաշվարկային միավորը, ինչպես նաև վերաբաշխելու դրա կապիտալը:

Պատգամավորները քննարկել են նաև 2012 թվականի օգոստոսի 7-ին Երևանում ստորագրված ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք (Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում)» ֆինանսական պայմանագիրը, որի նպատակն է վերակառուցել և արդիականացնել Հայաստանի և Վրաստանի միջևերեք՝ Բագրատաշենի, Բավրայի եւ Գոգավանի սահմանային անցակետերը, Հայաստանի տարածքում բարելավել ելակետային ճանապարհները և հարակից ենթակառուցվածքները:

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը ներկայացրել է 2011 թվականի հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության գոյության ժամանակաշրջանում գաղտնագրված տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման կարգի մասին» համաձայնագիրը, որի նպատակն է հաստատել կողմ հանդիսացող պետությունների կազմակերպություններում գտնվող գաղտնի տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման կարգը: Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունները: Ռոմիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ 2012 թ. հունիսի 1-ի դրությամբ համաձայնագիրը չի վավերացվել ստորագրած կողմերի կողմից:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրել է 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի կազմավորման մասին» 2007 թվականի հոկտեմբերի 5-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, որի նպատակն է համաձայնագրի անբաժան մաս հանդիսացող ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի կանոնադրության մեջ կատարել փոփոխություններ:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը:

Որոշվել է մինչև մեկ տարով հետաձգել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու և խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանտվության մասին» հայտարարության նախագծի քննարկումը:

Հանձնաժողովը քննարկել և որոշել է առաջիկայում անցկացնել «Դեպի ծով ելք չունեցող պետությունների միջազգային իրավական կարգավիճակը. հնարավորություններ և հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումներ: