Հայաստան գալիս են կյանքի որակի համար. Վ.Մարաշլյան

Մարդկանց գործունեության ձախողման պատճառը հիմնականում կապված է իրենց գործունեության ռազմավարության հետ՝ արտերկրից եկած մարդիկ դժվարանում են այստեղ ճիշտ գործընկերներ գտնել, ճիշտ կողմնորոշվել շուկայում, տարբերել բարեգործությունը գործարարությունից և այլն. այս մասին «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» ծրագրում նշեց «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը:

«Մենք օգտագործում ենք հայրենադարձների հետ մեր կապերը՝ կանխարգելելու համար այն բոլոր խնդիրները, որոնց արդեն առնչվել ենք: Մենք խորհրդատվությամբ օգնում ենք ուսանողներին, որ ցանկանում են այստեղ իրենց ուսումը շարունակել, գործարարներին, որ այստեղ փորձում են իրենց բիզնեսը դնել: Մենք բերում ենք մարդկանց, ովքեր կարող են նոր այլընտրանք առաջարկել, այնպիսի մարդկանց, որ, գերադասելի է, դրսում արդեն հաջողության են հասել, գալիս են ընտանիքով և նոր մշակույթ են բերում»,- նշեց նա:

Ըստ Մարաշլյանի՝ երբ հայերը հեռանում են Հայաստանից, արտերկրում՝ Կանադայում, ԱՄՆ-ում թե Ռուսաստանում, մեծ ջանքեր են ներդնում հաջողության հասնելու համար, Հայաստանում ակնկալում են, որ ամեն ինչ միանգամից կլինի: «Մենք իրենց անիմաստ ռիսկի չենք դրդում. մենք իրենց ասում ենք, ճանապարհը սա է, և մենք անցել ենք այդ ճանապարհով, եթե ուզում եք, մենք կօգնենք, որ դուք էլ անցնեք այդ ճանապարհով»,- ասաց նա:

«Ռուսաստանը՝ իր «Հայրենակիցներ» ծրագրով, եվրոպական երկրները, որ առաջարկում են աշխատանք, լավ ուսման հնարավորություն, ԱՄՆ-ն՝ իր «Գրին-քարտով», իրականացնում են ագրեսիվ միգրացիոն քաղաքականություն. մենք հակադարձո՞ւմ ենք դրանց» հարցին ի պատասխան Մարաշլյանն ասաց, որ երկու ամսվա ընթացքում իրենց կազմակերպությունը ստացել է հարյուրից ավելի հայտեր՝ այդ թվում և դասական սփյուռքից:

«Մեգապոլիսում ապրողները ինձ կհասկանան: Հայաստան գալիս են կյանքի որակի համար: Մինչ Հայաստան գալս ես համարյա չէի հասցնում շփվել երեխաներիս հետ, իսկ այստեղ մեկ օրվա ընթացքում շատ ու շատ բաներ ես հասցնում անել. մեծ քաղաքներում դա անհնար է: Էլ չասեմ, որ ոչ մի առանձին ջանք չես գործադրում, որ երեխաներդ հայ մնան»,- ասաց նա:

«Գուցե կյանքն այստեղ մի քիչ պրովինցիալ է, բայց մեծ երկրներում էլ դուք մրջյուն եք: Այստեղ մի երիտասարդ սոցցանցի միջոցով կարող է մի հինգ հազար դոլար հավաքել լավ գործի համար ու  հնարավորություն ստանալ հեռուստատեսությամբ իր գաղափարները ներկայացնել: Մեծ երկրներում կարող եք միլիոնատեր լինել, բայց այդ մրջյունի զգացողությունից չեք ազատվի»,- ասաց նա: