Թուրք լրագրողների այցի համար ծախսվել է 7,5 մլն դրամ, ոչ թե դոլար

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով թյուրքագետ Վարուժան Գեղամյանին, գրում են, թե Հայաստանի իշխանությունը 7,5 մլն դոլար է ծախսել թուրք լրագրողների Հայաստան այցի համար։

«Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը 7,5 միլիոն ԱՄՆ դոլար է ծախսել իմ ու ձեր հարկերից, որպեսզի Հայաստան բերի 10 թուրք լրագրողի»,- տելեգրամյան իր ալիքում գրել էր Գեղամյանը։

Գրառումը տարածել են՝ para.tv-ն, lurer.com-ը, asekose.am-ը, 24news.am-ը, irakanum.am-ը և մի շարք այլ կայքեր։

7,5 միլիոն ԱՄՆ դոլա՞ր, թե՞ դրամ

Անցյալ շաբաթ Թուրքիայից Երևան էին ժամանել թուրքական տասը լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Այցի կազմակերպիչը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է, ըստ որի՝ նպատակը Թուրքիայի լայն հանրությանը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները ներկայացնելն է։

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան գրառման մեջ ի սկզբանե գրել է, թե իշխանությունները 7,5 մլն ԱՄՆ դոլար են ծախսել թուրք լրագրողներին Հայաստան բերելու համար, սակայն հետագայում խմբագրել է գրառումը՝ դոլարը դարձնելով դրամ։

էկրանապատկերում՝ Վարուժան Գեղամյանի չխմբագրված և խմբագրված գրառումները Տելեգրամում

Թուրքական տասը լրատվամիջոցների ներկայացուցիչների եռօրյա մեդիատուրի իրականացման համար ծախսվել է 7,550,280 դրամ և ոչ թե դոլար։ Այս մասին մի շարք լրատվամիջոցների և մեդիա կազմակերպությունների գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից։

«Ինֆորմացիայի Ազատության կենտրոնը», հիմնվելով նաև պետական գնումների կայքի հիման վրա, մանրամասն հրապարակել է 7,5 մլն դրամի բացվածքը։

Ուշագրավ է, որ անգամ լրատվամիջոցների գրառումների մեկնաբանություններում օգտատերերը գրում են, որ 7,5 մլն դրամ է, ոչ թե դոլար, սակայն լրատվամիջոցները չեն խմբագրում նյութերը։

Էկրանապատկերը՝ Para TV-ի հրապարակման մեկնաբանություններից

Մեկնաբանել