Օբաման համագործակցության է հրավիրել հանրապետականներին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատրաստ է փոխհամաձայնության գալ ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականների հետ բյուջեի դեֆիցիտը կրճատելու համար. ըստ Itar-tass-ի՝ այդ մասին հայտարարել է Սպիտակ տունը:

Նախագահական ընտրություններից հետո սա Օաբամայի առաջին ելույթն էր: Նա նշել է, որ «ամերիկայի ժողովուրդն իր ձայնն է տվել հանուն գործերի, ոչ թե՝ սովորական քաղաքականության համար»: «Դրա հետ կապված՝ ես երկու կուսակցությունների առաջնորդներին եկող շաբաթ հրավիրել եմ Սպիտակ տուն, որպեսզի մենք միասին կարողանանք սկսել համաձայնության գալ այն հարցերում, որ կարող են լուծվել միայն համատեղ ջանքերով»,- ասել է նախագահը:

Օբաման հիշեցրել է առաջիկա 10 տարվա ընթացքում բյուջեի դեֆիցիտը $4 տրլն-ով կրճատելու նախագծի մասին: «Ես չեմ կառչի այդ նախագծի ամեն մանրուքից: Ես բաց եմ փոխհամաձայնությունների և նոր գաղափարների առաջ և նախատեսում եմ լուծել մեր բյուջետային խնդիրները»,- ընդգծել է նա:

Սակայն նախագահը նաև մերժել է «ցանկացած մոտեցում, որ հավասարակշռված չի լինի»: «Ես չեմ պատրաստվում ուսանողներին, թոշակառուներին և միջին խավի ներկայացուցիչներին ասել, որ փակեն դեֆիցիտն այն դեպքում, երբ այնպիսի մարդկանց համար, ինչպիսին ես եմ, որ տարեկան վաստակում եմ ավելի քան $250 հազար դոլար, հարկերը մի ցենտով անգամ չեն բարձրացվել»,- նշել է նա:

Ջորջ Բուշի օրոք սահմանված՝ հարուստ խավի համար հարկային արտոնությունների ժամկետը լրանում է այս տարի: Օբաման ակնարկել է, որ այս հարցը պարտադիր պիտի լուծվի:

Օբամայի հետ, սակայն, բոլորը չէ, որ համաձայն են: ԱՄՆ-ի քաղաքական աստիճանակարգում երրորդ դեմքը հանդիսացող խոսնակն այսօր հայտնել է հարուստների հարկերը բարձրացնելու նախագծին իր անհամաձայնությունը: «Մենք կարող ենք ավելացնել մեր եկամուտները ուղղակի հարկային համակարգը շտկելով և նոր աշխատատեղեր ստեղծելով»,- ասել է նա:

Մեկնաբանել