Քեզ ի՞նչ, դու կրթության և գիտության նախարար ես

Ես ստատուս գրել չեմ սիրում: Երբեմն, իհարկե, գրում եմ. սեփական բացակայությունդ ճչալու նման մի բան: Եվ այնպես չէ, որ խելքս գնում է ուրիշի ստատուսները կարդալու համար, կարդում եմ,  հավանաբար, զուտ սանիտարական նպատակներով: Այսինքն, որսալու խոսքի մեջ տեղ գտած վարակը, որը կարող է տարածվել ուրիշների վրա:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նոյեմբերի 8-ին Ֆեյսբուքով բնորոշումներ է տվել Դաշնակցությանը: Վիրուսությունը մի քիչ շատ է: Քիչ հետո կասեմ, թե ինչի մասին է խոսքը: Ես Աշոտյանի ասելիքը չեմ վիճարկում: Բայց զգում եմ, որ Հանրապետականն այդ ստատուսով մատնում է, որ սոված մնալու վտանգ կա: Այլապես, քեզ ի՞նչ, թե ինչ է ասում Դաշնակցությունը: Դու քո գործն ես անում, նրանք՝ իրենց: Քեզ ի՞նչ, թե ՀՅԴ-ն նախագահի առաջիկա ընտրություններում որ տեղի համար է պայքարում: Դու կրթության և գիտության նախարար ես: Նշանակում է, պետք է զբաղվես մի գործունեությամբ, որի մեջ կոնֆլիկտ չկա: Իսկ քո ստատուսը կոնֆլիկտ հրահրող ստատուս է: Այդպիսի ստատուս կարող էր գրել ՀՀ պաշտպանության նախարարը ադրբեջանական բանակի դեմ: Իսկ դուք երկու տեղական քաղաքական կուսակցություններ եք, վատագույն դեպքում՝ միմյանց արժանի, լավագույն դեպքում՝ Դաշնակցությունը վերջին 20 տարում ձեր հանցագործությունների մեկ տոկոսն էլ չի գործել:

Դու՝ նախարարդ, էթիկապես նման բան գրելու իրավունք չունես: Որպես ՀՀԿ-ական, իհարկե, կարող ես դաշնակցականներին կենդանի-կենդանի ուտելու կոչեր անել, այսինքն, պատմել Հանրապետական կուսակցության իրական անելիքների մասին առաջիկա ընտրություններին ընդառաջ, բայց որպես կրթության նախարար փոքր-ինչ զուսպ պետք է լինես քո հայտարարություններում: Որովհետև այն պատճառով, որ իշխող կուսակցության անդամ ես, ոչ թե ՀՀԿ-ական, քեզ նախարարություն են վստահել: Այսինքն, դու չհայտարարված առիթ ունես վեր կանգնելու քո ՀՀԿ-ականությունից: Այդ աթոռը քեզ չեն վստահել, որ վեճեր հրահրես: Կամ միգուցե դրա համար են վստահել, բայց դու երեխաներ ունես և քո այդ հրահրած հակամարտությունը մի օր կարող է նրանց դեմ շուռ գալ: Այսպիսի բաները դու պիտի բնությամբ ընկալես, ոչ թե՝ ՀՀԿ կանոնադրությամբ: Բուհերում, որտեղ ի պաշտոնե որոշ պատասխանատվություն ունես, սովորում են երիտասարդ ՀՀԿ-ականներ և ՀՅԴ-ականներ: Բա որ քո ստատուսից հետո նրանք հարձակվեցին միմյանց վրա: Ու, ասենք, իրար գլուխ ջարդեցին: Էս անգամ էլ մեյդան է ընկնելու բժիշկ Աշոտյա՞նը: Ինչու՞ ես քո մի գործը երեք դարձնում: Ավելի ճիշտ չէ՞ գոնե բժշկի էթիկայով պաշտոնավարես կրթության նախարարությունում: Ընդ որում, քո կործանիչ ստատուսի մեկնաբանությունների բաժնում ինչ-որ մեկին խորհուրդ ես տալիս իր որդուն հեռու պահել Ֆեյսբուքի կործանիչ ազդեցությունից: Չգիտեմ, կատակ ես անում, թե լուրջ ես ասում, բայց ասածումդ սխալ քիչ բան կա: 43 հոգի հավանել է քո ստատուսը, այսինքն, 43 հոգի ակնհայտորեն ներքաշված է հակամարտության մեջ:

Կրկնում եմ, ինքնին ստատուսի դեմ ոչինչ չունեմ: կարող էիր ավելի կեղտոտ բաներ գրել: Քաղաքական կռիվ է, որը միշտ մի կտոր հացի պատճառով է: Բայց դու՝ կրթության նախարարդ, պետք է հիշես, որ որպես հակամարտություն հրահրող, քեզ չափազանց քիչ բան է թույլատրված: Եթե վաղը որևէ ԲՈՒՀ-ում դաշնակցական մի ուսանող լոլիկ շպրտի քեզ վրա, նա ընդամենը կլրացնի ստատուսիդ տակ գրված 17 մեկնաբանությունները, կլինի 18-րդը, որովհետև դու ես նրան առաջարկել այդ հակամարտությունը:  Դու այդ ստատուսով նրան նույնպես դուրս ես դնում կրթության դաշտից, իսկ միգուցե չգրեիր, ու մենք ինչ-որ հրաշքով չունենայի՞նք երիտասարդ կուսակցականներ, այլ բավարարվեինք ձեզ նման մի կտոր հացի մեռածներո՞վ: