«Չենք լռելու»-ն պահանջում է Հասմիկ Պողոսյանի և Արև Սամուելյանի հրաժարականները

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը պահանջում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և փոխնախարար Արև Սամուելյանի հրաժարականները: Հաղորդագրությամբ նախաձեռնությունը դատապարտում է մարզերից «ցուցադրության և զբոսաշրջության զարգացման նպատակով» ավելի քան 50 հուշակոթողների՝ Երևան տեղափոխելու որոշումը:

« «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է Հայաստանի մարզերում գտնվող պատմության հուշարձանները Երևան տեղափոխելու մասին կառավարության որոշումը, ինչպես նաև այդ թեմայի վերաբերյալ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և ոլորտը համակարգող փոխնախարար Արև Սամուելյանի մեկնաբանությունները, որոնք մեծ կասկածի տակ են դնում այդ պաշտոնները զբաղեցնեղ անձանց կոմպետենտությունը:

«Չենք լռելու»-ն պահանջում է Հասմիկ Պողոսյանի և Արև Սամուելյանի հրաժարականը՝ հույս հայտնելով, որ մեր հին երկրի մշակույթն ապագայում անգամ սարսափելի երազում չի տեսնի նման համակարգողների»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ թեմային է անդրադարձել նաև հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, ով վերջին տարիների պատմությունից օրինակներ բերելով՝ փաստել է, որ ՀՀ մշակույթի նախարարությունն ունի նախադեպ հակառակ նախապես հայտարարված որոշումների՝ հուշակոթողները Երևան բերել ու իրենց հնավայրը չվերադարձնել:

Մեկնաբանել