Վրացական բուհը ուսանողին ընդունել, ապա դուրս է թողել Արցախի դիպլոմի պատճառով

Սիրանուշ Ադամյան
Արցախից տեղահանված Անուշ Պետրոսյանին Վրաստանի համալսարանում չեն թույլատրել շարունակել ուսումը։
Անուշն անցած տարի ընդունվել էր Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ (GIPA)։ Մի քանի ամիս անց՝ նոյեմբերին, համալսարանից նրան ասել են, որ Արցախի պետական համալսարանի դիպլոմի հետ կապված խնդիր կա։
Վրաստանի Կրթության նախարարության ու Որակի ազգային կենտրոնի կողմից Անուշին ուղղված նամակում խորհուրդ էին տվել կրթական փաստաթղթերի իսկության հաստատման համար դիմել այն երկրի կրթության նախարարություն, որտեղ տրվել է փաստաթուղթը, կամ տրամադրել լրացուցիչ տեղեկություններ, որոնք կարող են նպաստել դրա իսկության հաստատմանը։
«Ստուգման արդյունքում պարզվել է, որ Ձեր փաստաթղթում նշված կրթական հաստատությունը չի անցել Վրաստանի կրթության և գիտության նախարարության հավատարմագրումը և չունի օրենսդրական պահանջներին համապատասխան կրթական փաստաթղթեր տրամադրելու իրավունք»,- նշված է նամակում։
Դրանից հետո Անուշը դիմել է Հայաստանի կրթության նախարարություն ու ակադեմիական փոխճանաչման կենտրոն՝ դիպլոմի օրինականությունն ու Եվրոպական որակավումների հետ համադրելիությունը հավաստող փաստաթուղթ ստանալու համար, բայց դա էլ արդյունք չի տվել։


«Շոկի մեջ էի, եթե չեմ կարող սովորել որպես օրինական ուսանող, … ինչու եմ այդտեղ արդեն սովորում, որևէ հստակ պատասխան մինչև օրս չեմ ստացել, ընդունվելու ժամանակ էլ ներկայացրել եմ, որ ես Արցախից եմ, յուրաքանչյուր համալսարան ընդունվելու ժամանակ քեզնից պահանջում են դիպլոմ կամ դիպլոմի պատճեն։ Ներկայացրել եմ Արցախի իմ դիպլոմը, որովհետև ես այլ դիպլոմ չունեմ»,- ասում է Անուշը։
Այս տարվա փետրվարին նոր նամակ է ստացել համալսարանից, որով նրան կրկին մերժել են՝ անկախ իր ներկայացրած փաստաթղթերից։
Պատճառը նույնն է՝ Վրաստանը չի ճանաչում Արցախի Հանրապետությունը և չի ընդունում այնտեղ ստացված կրթական փաստաթղթերը:
Անուշի խոսքով՝ իրեն բանավոր ասել են, որ լուծման միակ հնարավոր տարբերակը տեսնում են Ադրբեջանի կրթության նախարարություն դիմելու մեջ։
«Գրել եմ և բանավոր ասել եմ իրենց, որ ես չեմ ցանկանում և չեմ թույլատրում, որ իմ կրթության հետ որևէ հարց քննարկեք այդ կողմի հետ»,- GIPA-ին ասել է Անուշը։
Անուշը դիմել է նաև Վրաստանում Հայաստանի դեսպանատուն, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, բայց դեռ պատասխան չունի։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ՍիվիլՆեթին ասացին, որ զբաղվում են խնդրով։
«Պաշտպանն իր լիազորությունների շրջանակում կապ է հաստատել Վրաստանի օմբուդսմենի, հանրային պաշտպանի հետ և փոխանցել է տեղեկատվությունը, այնտեղի մեր կոլեգաների հետ կապի մեջ ենք, գիտենք, որ հարցը դեռ լուծման փուլում է, որովհետև պաշտպանը իր մտահոգությունն է հայտնել իրավունքների խախտման վերաբերյալ։ Դեռ վերջնական պատասխան չունենք»,- նշում է պաշտպանի խորհրդական Անժելիկա Մովսեսովան։

Կրթության նախարարությունից ՍիվիլՆեթին ասացին, որ նման դեպքի չեն առնչվել։
Արցախի կրթության նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը նշում է, որ Արցախի պետական համալսարանի ուսանողները առանց որևէ խնդրի տարբեր տարիների սովորել են արտասահմանյան բուհերում, այդ թվում՝ հեղինակավոր համալսարաններում։
«Բոլոր այն դեսպանատները, որտեղ եղել է ադրբեջանական գործոն, հիմնական խոչընդոտները ծագել են այդտեղ, բայց կրթությունը մի դաշտ է, որտեղ այն չպետք է քաղաքականացվի»,- նշում է Լուսինե Ղարախանյանը։
Խնդրի վերաբերյալ ՍիվիլՆեթի՝ Հայաստանի արտգործնախարարությանն ուղղված հարցումը դեռ անպատասխան է։
Տեղադրություն
Civilnet










