Այսօր Երիտասարդության համաշխարհային օրն է

Նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր։ Տոնը սահմանվել է 1945 թվականին։ Նոյեմբերի 10-ը նշանավորվում է նրանով, որ 1945թ. հենց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը։ Այն նպատակ էր հռչակել, տարբեր երիտասարդական կազմակերպությունների համախմբելով, պայքարել հանուն խաղաղության, ժողովրդավարության, ազգային անկախության և երիտասարդների քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավունքների պահպանման։ Այս համաժողովը համախմբել էր միջազգային երիտասարդական շարժման 63 ազգությունների ներկայացուցիչների։

Նոյեմբերի 10-ը խորհրդանշում է երիտասարդության համախմբվածությունն ու համերաշխությունը։

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բոլոր երիտասարդներին շնորհավորում է տոնի առթիվ։ Այսօր մենք ունենք ակտիվ, նախաձեռնող, բանիմաց, իրենց առողջ նպատակների մեջ հաստատակամ երիտասարդություն, ում կարելի է վստահել վաղվա օրը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր գործունեությամբ և ծրագրերով երիտասարդական բոլոր առաջադիմական և կառուցողական նախաձեռնությունների կողքին է՝ պատրաստ աջակցելու երիտասարդական ներուժի զարգացմանը»,- հայտնում է ՀԵՀ-ն: