Հարուցվել է ծառայողական քննություն, կա քրեական վարույթ ՔԿ-ում. նախարարը՝ Ուլուբաբյանի ծեծի մասին

«Եթե քննության արդյունքում պարզվի, որ ոստիկանության ծառայողները մեղավոր են, միանշանակ պատասխանատվության կենթարկվեն». մարտի 21-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նա անդրադարձել է ոստիկանների կողմից ենթադրյալ խոշտանգման ենթարկված 29-ամյա Տիգրան Ուլուբաբյանի գործին։ Սարգսյանը վստահեցրել է՝ եթե պարզվի, որ կա կեղծ մեղադրանք ոստիկանության ծառայողների նկատմամբ, պատասխանատվություն կկրի մյուս կողմը՝ սուտ մատնության համար։
29-ամյա Տիգրան Ուլուբաբյանը լրատվամիջոցներին պատմել է, որ Վանաձորում իր բարեկամուհու տնից գողություն է կատարվել, այդ առիթով նա բարեկամուհու հետ գնացել է ոստիկանություն, ինչից հետո ոստիկանները նրան ծեծել և ստիպել են խոստովանել, թե ինքն է գողությունը կազմակերպել։ Ուլուբաբյանը պնդում է, որ ինքը կապ չունի այդ գողության հետ։ «Ոստիկաններն ինձ ութ հոգով ծեծել են, տասը րոպեն մեկ մոտենում, ծեծում էին»,- պատմել է Տիգրանը։ 29-ամյա ենթադրյալ տուժողը պահանջում է պատասխանատվության ենթարկել իրեն ծեծի ենթարկած ոստիկաններին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, իր հարցում շեշտելով Տիգրանի՝ Արցախից լինելու հանգամանքը, հետաքրքրվել է, թե ինչու պատասխանատվության չեն ենթարկվում տղային ծեծի ենթարկած ոստիկանները։
Արփինե Սարգսյանն ի պատասխան նշել է, որ իրենց խնդիրն է հանրային համերաշխության պահպանումը։ Եթե կա անձի իրավունքների պաշտպանության հարց կամ անձի իրավունքների խախտման հարց, ապա չկա որևէ տարբերություն՝ անձը ՀՀ քաղաքացի է, թե Արցախից բռնի տեղահանված անձ։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ խոշտանգման կամ բռնության ցանկացած ահազանգ մտահոգիչ է և պահանջում է օբյեկտիվ քննություն:
«Ցանկացած ահազանգին պիտի հաջորդեն ստուգողական գործողություններ: Իմ արձագանքը եղել է անմիջապես, հարուցվել է ծառայողական քննություն, զուգահեռ կա նաև քրեական վարույթ Քննչական կոմիտեում», - հայտնել է նախարարը:
Անդրադառնալով ենթադրյալ տուժողի պնդմանը, թե իրեն ութ հոգով ինտենսիվ ծեծի են ենթարկել, Արփինե Սարգսյանը հրապարակել է դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքները:
«Բուժհաստատությունում նշած ձախ ականջախեցու և գլխի օտրակային շրջանի փափուկ հյուսվածքների ալջարդեր ախտորոշումը հիմնավորված չէ զննության օբյեկտիվ տվյալներով, որի պատճառով էլ որպես մարմնական վնասվածք չի ընդունվում և չի մեկնաբանվում», - ընթերցել է նախարարը:
Սարգսյանի համոզմամբ՝ նման իրավիճակի պայմաններում թե՛ հիվանդանոցը, թե՛ դատաբժիշկը պիտի ավելի բարդ նկարագրություն տային։ Նախարարի խոսքով՝ «տասը րոպեն մեկ ինտենսիվ ծեծի» մասին ահազանգի և դատաբժշկական եզրակացության միջև կապը պետք է դառնա օբյեկտիվ քննության առարկա:
«Գործի շրջանակներում բոլոր այս հանգամանքները պիտի քննարկվեն, պիտի հարցաքննվեն ոստիկանները, տարածքի հնարավոր տեսախցիկները, եթե կան այդպիսիք, պետք է առգրավվեն, դատաբժշկական փորձաքննությունը պետք է ուսումնասիրվի, փորձագետը միգուցե հրավիրվի հարցաքննության», - ասել է Սարգսյանը:
Սարգսյանը շեշտել է, որ այս պահին, հատկապես քրեական վարույթի առկայության պայմաններում, չի հավակնում որևէ գնահատական տալ: Միաժամանակ, նա արդեն առաջարկ է ուղարկել գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեի նախագահին, արդարադատության նախարարին, մարդու իրավունքների պաշտպանին և քաղաքացիական հասարակության գործընկերներին՝ ձևավորելու աշխատանքային խումբ՝ խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպքերի արձանագրման և բացահայտման մեխանիզմները դիտարկելու նպատակով:
Մարտի 19–ից քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի դիմաց` պահանջելով օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել Վանաձորի ոստիկանական բաժնում 29-ամյա Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններին։
Civilnet









