Այս պահի դրությամբ հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի և ազդակների համախումբը բացակայում է. մարտի 21-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը։
«Իրավիճակն արագ է փոխվում, և մենք հետևում ենք իրավիճակին»,- ասել է Գրիգորյանը։
Լրագրողների հարցին, թե բացի Ադրբեջանից և Թուրքիայից ո՞ր երկրներն են սպառնալիք ներկայացնում Հայաստանի համար, Գրիգորյանն առանց կոնկրետ երկրներ նշելու ընդհանրական պատասխան է տվել։
«Հայաստանի Հանրապետության անկախությանը և սուվերենությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից»,- ասել է նա։
Անդրադառնալով Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցին՝ Գրիգորյանն ընդգծել է, որ ծառայությունն իր մանդատի շրջանակներում զբաղվում է հետախուզական տեղեկությունների հավաքագրմամբ, ամփոփմամբ և քաղաքական իշխանություններին դրանց փոխանցմամբ: Նա հավելել է, որ գերիների հետ կապված հումանիտար խնդիրները նույնպես համարվում են արտաքին հետախուզության ծառայության աշխատանքային առաջնահերթություններից:
Ադրբեջանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդագրություններ է տարածում՝ մեղադրելով հայկական կողմին, ինչին ի պատասխան ՀՀ ՊՆ-ն բոլոր այդ հաղորդագրությունները հերքում է։
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ սահմանին կուտակումներ, զորքերի տեղաշարժ չկա։