Հայաստանի արտգործնախարարությունից շնորհակալություն են հայտնել թուրքական կողմին՝ մարդասիրական բեռի առաքման «սահուն կազմակերպմանն օժանդակելու համար»։ ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Սիրիային մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով հայ-թուրքական սահմանի «Մարգարայի» անցակետը բացվել է Թուրքիայի հետ երկկողմ պայմանավորվածության արդյունքում։
Նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ասաադ Հասան Ալ-Շայբանիի՝ հունվարի 27֊ին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա մարտի 21-ին Հայաստանի կողմից «Մարգարայի» անցակետով մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիային:
Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ և բժշկական պարագաներ, որոնք կօգնեն մեղմել պատերազմի և ճգնաժամի հետևանքները բարեկամ սիրիացի ժողովրդի համար:
Մարտի 21-ից 31-ը «Մարգարա» անցակետի բացման մասին որոշումն ընդունվել է կառավարության մարտի 20-ի նիստում։
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը վերջին անգամ բացվել էր 2023-ի փետրվարին։ Հարավարևելյան Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանը ցամաքային սահմանով փրկարարական խմբեր և մարդասիրական օգնություն էր ուղարկել այդ երկիր։
Հայաստանը և Թուրքիան 2022-ի հուլիսին պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Սակայն մինչ օրս այդ որոշումն իրականություն չի դարձել։
Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993-ից: