Է.Շարմազանովն ընդունել է ղազախական պատվիրակությանը

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ընդունել է Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի նախագահի տեղակալներ Երալի Տոգժանովին և Արտուշ Կարապետյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը. տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:

Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ արձանագրել է, որ հայ-ղազախական քաղաքական ու տնտեսական հարաբերություններն ամուր հիմքեր ունեն և միտված են նորանոր զարգացումներ արձանագրելու համագործակցության տարբեր ոլորտներում: Նա շնորհակալություն է հայտնել հայկական համայնքի գործունեության, ինքնադրսևորման ու զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, ղազախական իշխանությունների ցուցաբերած ուշադրության համար:

Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի նախագահի տեղակալ, ասամբլեայի քարտուղարության ղեկավար Երալի Տոգժանովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարևորել է Հայաստանի և Ղազախստանի ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ միջազգային կառույցներում համագործակցության զարգացումը: Նա տեղեկացրել է, որ բազմազգ Ղազախստանում ամուր հիմքերի վրա է դրված էթնիկ ու հանրային համաձայնության խնդիրը, ինչն էլ դարձել է Ղազախստանի հասարակական ու տնտեսական կայունության գրավականը: Նա անդրադարձել է ասամբլեայի աշխատանքի ուղղվածությանն ու Ղազախստանի խորհրդարանի հետ համագործակցության ձեւերին՝ կարևորելով հատկապես ազգային փոքրամասնություններին հուզող խնդիրներն ասամբլեայի 9 պատգամավորների միջոցով խորհրդարանում ներկայացնելու առաքելությունը:

Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի նախագահի տեղակալ, Ղազախստանում «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների ասոցիացիայի նախագահ Արտուշ Կարապետյանը հավաստիացրել է, որ հայկական համայնքի կենսագործունեության ու ազգային ինքնության պահպանման համար ստեղծված են բոլոր պայմանները, ինչը հայկական համայնքին համախմբվելու և ինքնադրսևորվելու մեծ հնարավորություն է տալիս:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, բարձր գնահատելով հայ-ղազախական հարաբերությունների առկա մակարդակը, արձանագրել է, որ երկու երկրներն էլ տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցությունն ակտիվացնելու մեծ հնարավորություններ ունեն, որոնք համատեղ ջանքերով պետք է կյանքի կոչել:

Մեկնաբանել