ԵՄ դիտորդների համար կարող ենք նոր մանդատ քննարկել. փոխարտգործնախարար

Եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, և իսկապես կայուն խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ԵՄ դիտորդների համար կարող ենք նոր մանդատ քննարկել. այս մասին հայտարարել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Փոխնախարարը շեշտել է, որ ներկայում դիտորդների մանդատից հրաժարվելու կարիք չկա։

Ադրբեջանը պահանջում է հայ-ադրբեջանական սահմանի՝ Հայաստանի սուվերեն տարածքից դուրս բերել ԵՄ դիտորդական քաղաքացիական առաքելությունը՝ համարելով այն երրորդ ուժ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահանջին ի պատասխան Ադրբեջանին առաջարկել է ԵՄ դիտորդներին հանել միայն սահմանազատված հատվածներից։

Մարտի 21-ին Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում Փաշինյանը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում Հայաստանը «ԵՄ դիտորդներին կարող է կամ նեղություն չտալ կամ ավելի պակաս նեղություն տալ»։ Վարչապետը նաև ասել է՝ «դա այն դեպքում, եթե ունենանք ինստիտուցիոնալ խաղաղություն և կայունություն»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կա վստահություն, որ Բաքուն չի պահանջելու ԵՄ դիտորդներին ամբողջությամբ հանել Հայաստանից, փոխարտգործնախարարը նշել է․ «Եթե մենք խոսում ենք երրորդ կողմի ուժերի մասին, արդյոք եվրոպական դիտորդները հանդիսանո՞ւմ են ուժ: Սա դիտորդական առաքելություն է: Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ չպետք է լինեն նման պահանջներ, բայց, իհարկե, բարդ է ասել վստահության մասին»:

Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանների երկայնքով ԵՄ դիտորդական առաքելությունը տեղակայվեց 2023-ի փետրվարին՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հարձակումից մի քանի ամիս անց։ Երկու տարի անց՝ 2025-ի փետրվարին, ԵՄ-ն ևս երկու տարով երկարաձգեց իր դիտորդական առաքելության մանդատը։

Մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքները։

Մեկնաբանել