Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Վերջին օրերին սոցցանցերի հայկական տիրույթում լայն տարածում են ստացել սենսացիոն գրառումներ, որոնցում հայտարարվում է «նոր մահացու վիրուսի» հայտնաբերման մասին:
Տեղեկությունը տարածել են «Ընդմիշտ Իմ Հայաստան», «Լրիվ Նոր Հայաստան», «Սփյուռք» և «Սիրում եմ քեզ իմ Զինվոր» և մի շարք այլ փոխկապակցված ֆեյսբուքյան էջեր։ Գրառումները տանում են media41news.com կայք, որտեղ պնդում է արվում, թե Հնդկաստանից ժամանող մարդկանց համար համաճարակաբանական հսկողությունն ուժեղացվել է նոր մահացու վիրուսի պատճառով։
«Այս պահին հայտնի է, որ հիվանդությունը նման է սովորական մրսածությանը, և ախտանիշները ներառում են ջերմություն, թուլություն և սրտխառնոց»,- նշվում է հոդվածում՝ հավելելով, որ վիրուսով վարակվել է 38 մարդ, որից 17-ը մահացել է։

Տեղեկությունը հին է և սխալ
#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս լուրը սխալ է: Նույն տեղեկությունը ավելի վաղ՝ դեռ 2025-ի հունվարի 28-ին, կրկին տարածվել էր ռուսական և հայկական լրատվամիջոցներում։
Իրականում Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր շրջանի Բադհալ գյուղում 2024-ի դեկտեմբերից 2025-ի հունվար ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 17 մահ, սակայն պարզվել էր, որ պատճառը ոչ թե վիրուսն էր կամ առեղծվածային հիվանդությունը, այլ՝ թունավորումը:
Հնդկաստանի առողջապահական մարմինների հետաքննությունը բացառել է վիրուսային կամ բակտերիալ վարակների առկայությունը: Զոհերի և շրջակա միջավայրի նմուշներում հայտնաբերվել են բազմաթիվ թունավոր նյութեր, այդ թվում՝ կադմիում, թունաքիմիկատներ և միջատասպան նյութեր:
Թունավորումն իր բնույթով եղել է տեղային՝ սահմանափակված միայն գյուղի տարածքում: Այն վարակիչ չի եղել և չի տարածվել այլ երկրներում:
Ո՞վ և ինչո՞ւ է տարածում հին և կեղծ տեղեկատվությունը
Նմանատիպ «սունկ կայքերը» և սոցցանցերի էջերը հաճախ օգտագործում են ավտոմատացված համակարգեր նորությունների հրապարակման համար: Նրանց նպատակը գովազդների համար այցելություններ ապահովելն է:
#CivilNetCheck-ն արդեն բազմիցս անդրադարձել է նման էջերի և «սունկ կայքերի» գործունեությանը, որոնք հաճախ խուճապային և կեղծ լուրեր են տարածում։
Տես՝ Սոցցանցերում տագնապային կեղծ լուրեր են տարածվում մոլում հրդեհի մասին
Այսպիսով, «նոր մահացու վիրուսի» մասին պնդումները սխալ են, իսկ նորությունը՝ երկու ամսվա վաղեմության: Հնդկաստանում տեղի ունեցած դեպքը կապված էր տեղական թունավորման հետ, այն վիրուս չէր և չի տարածվում աշխարհում: