Արմենի երաժշտական թագավորությունը Նյու Յորքում

Նյու Յորքում, Մանհեթենի սրտում, հանրահայտ Փենն Սթեյշն կայարանին հարող փողոցներից մեկում մի երաժշտական խանութ կա: Դռանը կախված Armen’s Musical Instrument’s Repair Shop (Արմենի երաժշտական գործիքների վերանորոգման խանութ) անվանումը հայրենաբաղձությունից տառապող մարդու համար մոգական ուժ ունեցավ: Առանց վարանելու բացեցի դուռը և ներս մտա: Դժվարությամբ անցնելով երկու կողմից երեք մետր բարձրությամբ կախված ստեղնաշարերի ու բազմազան երաժշտական սարքավորումների լաբիրինթոսով, հասա խանութի խորքը, ուր հայտնվեց մոտ հիսուն տարեկան, բարձրահասակ, սպիտակ մազերով մի տղամարդ: Հայերեն բարևեցի, հետո միայն հարցրեցի՝ արդյոք խոսում է հայերեն: Զարմացած պատասխանեց. «Իսկ չպե՞տք է խոսեի»: Արմենն էր՝ խանութ-վերանորոգման կենտրոնի սեփականատերը, որն արդեն ավելի քան քսան տարի է, ինչ Հայաստանից տեղափոխվել է ԱՄՆ: Հայրենիքում թողնելով երաժշտի աշխատանքը՝ նա այստեղ օգնում է ուրիշներին զբաղվել իր սիրելի գործով:

-Ովքե՞ր են խանութի հաճախորդները:

-Շատ են գալիս, տարբեր մարդիկ, տարբեր երկրներից՝ Ավստրալիայից, Անգլիայից, մտնում են ու նկարում: Մանավանդ գերմանացիները, որոնք իմ արտաքինում հարազատ ինչ-որ բան են գտնում: Նման եմ, չէ՞,- ծիծաղելով սկսեց պատմել Արմենը:
Մի խումբ կար, անունը «Ռալլի»: Արա Գևորգյանին կճանաչես, մենք միասին նվագում էինք այդ խմբում: Ես կիթառ էի նվագում, բայց եկա այստեղ ու ձեռքերիս ու խելքիս ուժով եմ աշխատում՝ Պոլիտեխնիկի Կիբեռնետիկան եմ ավարտել:

-Հիմա նվագո՞ւմ եք:

-88-ից ԱՄՆ-ում եմ, ու շաբաթը վեց օր այստեղ եմ, ժամանակ չի մնում: Իսկ տանը հիմնական ժամանակն համացանցում եմ, քանի որ խանութի հիմնական առևտուրը еBay-ով եմ անում: Հիմնականում ես վերանորոգող եմ, գնում եմ փչացած գործիքները, վերակենդանացնում ու վաճառում եմ: Սկզբում հաճախ վերանորոգում էի, և գումարը չէին տալիս, այդպես գործիքներ շատ հավաքեցի ու սկսեցի դրանք վաճառել: Սարքերն այնքան շատացան, մինչև հասկացա, որ պետք է տեղ վերցնել դրանք պահելու համար: Հիմա ես նաև մի շարք պրոֆեսիոնալ երաժշտական սարքավորումներ արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչ եմ: Բայց ի տարբերություն այլ խանութների, ուր գեղեցիկ շարում են սարքերը, որ մարդիկ գան ու նվագեն՝ ինձ մոտ նման պայմաններ չկան: Դրա համար մոտ քսան անգամ մեծ մակերեսով տարածք է անհրաժեշտ: Միայն մեկ ստենդի վրա չորս կողմերում դրված է մոտ ութսուն երաժշտական ստեղնաշար:

Այդ պահին մի հաճախորդ մտավ խանութ։ Առաջարկեցի ընդհատել զրույցը՝ նրան սպասարկելու համար, բայց Արմենը հրաժարվեց:

-Ես ամերիկացիների նման չեմ աշխատում, հակառակը՝ ուզում եմ նրանց ցույց տալ, թե մենք ինչ ձևի ենք: Թող նայի իր համար, մենք հիմա խոսում ենք: Այստեղ սիրում են կրկնել, որ հաճախորդը թագավոր է: Ոչ, թագավորը ես եմ, այստեղ՝ իմ թագավորության մեջ: Ամեն առավոտ ասում եմ. «Աստված ջան, շնորհակալ եմ, որ կարող եմ ինքս ինձ վրա աշխատել ու ստիպված չեմ գնալ, ասենք, սրճարան աշխատելու, ուր ամեն պահի ինձ կարող են հեռացնել գործից»:

-Դժվար չէ՞ Մանհեթենում սեփական գործ հիմնել:

-Մանհեթենում դժվարը տեղ գտնելն է, որ ասեմ արգելքներ են ստեղծում բիզնես հիմնելու համար՝ ոչ: Պարզապես ամեն օր պետք է ապացուցես, որ որակյալ մասնագետ ես: Նախ, այս շենքում բոլոր տասնվեց հարկերը ձայնագրման ստուդիաներ են, ու միայն այս շենքի բոլոր իմ հաճախորդները բավարար են, որ մինչև խոր ծերություն ես զբաղված լինեմ իմ աշխատանքով: Տասը տարի է այս տեղը իմն է, դրանից առաջ տասներկու տարի այս շենքի տասներորդ հարկում գործող խանութում մի փոքր տարածք էի վարձել ու վերանորոգում էի երաժշտական սարքավորումները: Մանհեթենում կան բազում երաժշտական խանութներ ու վերանորոգողներ, բայց ես միակն եմ, որը վերանորոգում ու վաճառում է և՛ հին, և՛ նոր սարքավորումներ:

-Արդյոք, խանութի նման նեղվածքը չի՞ դժվարացնում վաճառքը:

-Իրական վաճառքը համացանցում է: Այս տարածքը հիմնականում իմ պահեստն է, որտեղ ես վերանորոգման աշխատանքներ եմ կատարում: Օրինակ, տե՛ս, նոր մտավ մի հաճախորդ, որ գներով էր հետարքրքրվում, ես էլ պատասխանելու փոխարեն տվեցի իրեն իմ այցեքարտը, ուր նշված է համացանցում իմ խանութի հասցեն: Անիմաստ է ամեն մեկի վրա ժամանակ ծախսել, եթե իսկապես հետաքրքրված է, ապա կմտնի իմ կայք ու կգնի իրեն անհրաժեշտ գործիքը: Բացի այդ, համացանցում դրանք ավելի թանկ են, որովհետև ես առաքում եմ ամենուր:

-Իսկ ես կարծում էի՝ ԱՄՆ-ում ավելի մատչելի է գնումներ կատարել համացանցով:

-Ավելի թանկ է, քանի որ ես ուղարկում եմ աշխարհի տարբեր երկրներ: Հայաստան չեմ առաքում, մաքսային բարձր տուրքերը անիմաստ են դարձնում գնումը: Բարդ է նաև Լատինական Ամերիկա ուղարկելը: Օրինակ, Արգենտինայի, Բրազիլիայի կամ Չիլիի բարձր մաքսերի պատճառով ուղղակի անհնար է առևտուրն այդ երկրների հետ: Բանն այն է, որ լատինական երաժիշտներին անհրաժեշտ է ստանալ որոշակի ձայնային հնչյուններ, որոնք տալիս են արտադրությունից արդեն դուրս եկած որոշ գործիքներ, որոնք ես վերանորոգում ու վաճառում եմ: Դրա համար մարդիկ նույնիսկ գնում են իմ մոտից ապրանքը և սպասում, երբ կկարողանան ծանոթների միջոցով Նյու Յորքից տեղափոխել իրենց գործիքները:

-Ստացվում է՝ գնորդների մեծ բանակ ունեք:

-Ես գործ ունեմ երաժիշտների բավական նեղ խմբի հետ, մասնագետների, որոնց անհրաժեշտ են պրոֆեսիոնալ սարքավորումներ: Եթե գործիքը պրոֆեսիոնալ չէ, ես չեմ վերցնում այն վերանորոգելու: Հիմնականում իմ հաճախորդները ռեփ ու լատինամերիկյան երաժիշտներն են, ջազմենները:

-Խորհրդային Հայաստանի ժամանակներն էին, երբ Դուք սկսեցիք զբաղվել երաժշտությամբ: Ինչպե՞ս սկսվեց:

– Դե 70-ականներն էին, իններորդ դասարանում էի: Այն ժամանակ մոդայիկ էին երկար շալվարները, գունավոր վերնաշապիկները՝ հետն էլ կիթառ: Դե, անիմաստ չես կախի մեջքիցդ, սկսեցի սովորել: Իսկ տեղեկատվությունն այն ժամանակ շատ սուղ էր ու դա ստիպում էր քեզ պրպտել, որ կարողանաս սովորել, տեղեկություն քաղել տարբեր տեղերից: Հետո ընկերներով խումբ ստեղծեցինք, որը ժամանակ անց կազմափոխվեց՝ միանալով մի այլ խմբի հետ, որն էլ դարձավ «Ռալլին»: Երբ Ձախ Հարութը գնաց Ամերիկա, մենք սկսեցինք փորձեր անել իրենց սենյակում՝ Արեշի կուլտուրայի պալատում:

-Որտե՞ղ էիք ելույթներ ունենում:

-80-ականների լավագույն խմբերից էինք, նաև կային «Մելոմանները», «Արձագանքը»: Նվագում էինք մեր երգերը, հարսանիքներին էլ էինք նվագում, որ փող ունենանք լավ տեխնիկայի համար: Երբ բացվեց «Արմենիա» ռեստորանը, մենք էինք նվագում այնտեղ, մարդիկ գալիս «շաբաշ» էին տալիս: Հետո, մենք հայերեն երգեցինք Песня 85-ին, որն անցկացվեց Գառնիի տաճարի դիմաց, երբ բոլորը ռուսերեն էին երգում:

-Չե՞ք կարոտում նվագելը:

-Դա իմ հոբբին էր, հիմա էլ սա է իմ հոբբին: Ես սրան երբեք չեմ նայում որպես աշխատանքի: Փոքրուց սիրել եմ քանդել-հավաքել, իրար միացնել: Արդյունքում դարձել եմ պրոֆեսիոնալ երաժշտական սարքավորումների 2010թ. ԱՄՆ Արևելյան ափի լավագույն ներկայացուցիչը: Այս սարքավորումները մենք Սովետի ժամանակ երազում էինք գոնե տեսնել:

«Արի, բան ցույց տամ» ասելով՝ Արմենը տանում է դեպի խանութի մուտքի մոտ պատի վրա կախված ու առաջին հայացքից շատ անհարմար Moog ապրանքանիշի սարքերից մեկը: «Տեսնում ես այս ստորագրությունը, հենց Բոբ Մուգինն է: Եկել էր իմ խանութ: Արդեն ծեր էր ու ինձ շնորհակալություն հայտնեց, որ նոր կյանք եմ պարգևել իր սարքերին, քանի որ ժամանակին, երբ համակարգիչներ չէին տեղադրում այս երաժշտական սարքերի մեջ, ես կիսում էի դրանք ու համալրում համակարգչով: Դա էլ իմ հոբբին էր:

Անահիտ Մինասյան, Նյու Յորք

Մեկնաբանել