ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Ազգային ժողովին միջնորդություն ներկայացրեց համաձայնություն տալու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին, այժմ՝ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն՝ պատգամավորական անձեռնմխելությունից զրկելուն։
Միջնորդության հիմքում երկու քրեական վարույթ կա։
Առաջին քրեական վարույթով նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Հովիկ Աղազարյանը 200,000-300,000 դոլարի դիմաց՝ առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթաց է կազմակերպել:
Երկրորդ քրեական վարույթով Աղազարյանը մեղադրվում է կառուցապատման թույլտվության միջնորդության դիմաց 23,000 դոլար կաշառք ստանալու մեջ:
Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի համաձայն՝ Հովիկ Աղազարյանի նկատմամբ՝ «ոչխարների գործով» քրեական վարույթը նախաձեռնվել է 2023-ի դեկտեմբերի 7-ին։ Տվյալ քրեական վարույթի ընթացքում իրականացված թվային խուզարկության ժամանակ հայտնաբերվել են տեսաձայնագրություններ, որոնց ուսումնասիրությամբ «23,000 դոլարի կաշառքի գործով» քրեական վարույթ է նախաձեռնվել։
2024-ի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացվել այս երկու քրեական վարույթները միացնելու մասին:
Հովիկ Աղազարյանը համարում է, որ սա իր նկատմամբ քաղաքական ճնշում է՝ հաշվի առնելով գործի հարուցման ժամանակագրությունը։
«Քրեական գործի հարուցումը հաջորդել է հեռախոսային խոսակցությունների հայտնի դեպքերին»,- ԱԺ նիստին այսօր հայտարարեց Աղազարյանը։
2024-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն իրենց կուսակից Հովիկ Աղազարյանին մեղադրեցին «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների» մեջ, և նա դեկտեմբերի 3-ին հեռացվեց կուսակցությունից։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Գլխավոր դատախազից հետաքրքրվեց, թե ինչու նա Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ ԱԺ չեկավ այն ժամանակ, երբ ՔՊ-ն նրան մեղադրում էր պետական տեղեկության արտահոսքի մեջ։ Վարդապետյանն արձագանքեց՝ ասելով, որ «միջնորդագրի հետ կապ չունեցող քաղաքական հայտարարություններին չի արձագանքում»։
Խամոյանը դատախազին մեղադրեց «քաղաքական պատվեր կատարելու մեջ»։
Ըստ Հովիկ Աղազարյանի, իր շուրջ ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ինքը մերժել է մանդատը վայր դնելու Նիկոլ Փաշինյանի խնդրանքը։
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասել է, թե խմբակցությունը դեռ որոշում չունի, թե ինչպես կքվեարկի Հովիկ Աղազարյանին անձեռնամխելիությունից զրկելու հարցում։
Որոշումը կայացվելու է փակ գաղտնի քվեարկությամբ։