Լիաննա Պետրոսյան, հասարակական գործիչ
Առկա իրավիճակը, սպասվող փոփոխություններն ու հնարավոր խնդիրները
Բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվող սոցիալական միակ աջակցությունը ներկայում տեղահանվածների շրջանում 40+10 (հազար) անվանումն ստացած ծրագիրն է, որի վերջին տարբերակը՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության ընդունած 2024-ի նոյեմբերի 21-ի որոշումն է, որն ուժի մեջ է մտնում 2025-ի ապրիլի 1-ից։
Ըստ այդ որոշման՝ աջակցությունը ուղղվելու է տեղահանված խոցելի խմբերին՝
– 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներին,
– ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցողներին,
– 63 և ավելի տարեկան կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացողներին,
– հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական), կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած այն անձանց և մինչև 18 տարեկան երեխաներին, որոնց տվյալներն առկա են ՀՀ կառավարության 2023-ի հոկտեմբերի 3-ի որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում միանվագ դրամական սոցիալական աջակցության շահառուների, Օպերատիվ շտաբի տրամադրած՝ 2023-ի սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներում։
Բնակվարձի աջակցության կրճատման որոշումը լուրջ մարտահրավերներ է առաջացնելու ինչպես տեղահանվածների, այնպես էլ տեղացիների համար։ Եթե այս որոշումը չվերանայվի, ապա տասնյակ հազարավոր մարդիկ կկանգնեն անօթևան մնալու վտանգի առջև, ինչը կունենա ոչ միայն սոցիալական, այլև հոգեբանական ծանր հետևանքներ։ Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ 50,000 դրամ աջակցությունը տրամադրվում է 98,000 անձի, փոփոխություններից հետո աջակցություն չի ստանա նրանց մեկ երրորդից ավելին։
Որպես լրացուցիչ հրատապ աջակցություն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել մեկ այլ նախագիծ՝ հրատապ սոցիալական աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնց թիվը նախարարության տվյալներով մոտ 3,000 է՝ ընդհանուր 11,430 անդամով։
Այս միջոցառման իմաստով սոցիալապես անապահով ընտանիքներ են համարվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «14.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքները։ Սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի՝
1) ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40,000 դրամ.
2) սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10,000 դրամ:
Սակայն, նոր ծրագիրը չի կարող այլընտրանք լինել 40+10-ին կամ արդեն վերափոխված 50 հազարին։ Ուստի տեղահանվածների սոցիալ-տնտեսական վիճակի հնարավոր վատթարացումը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկը կանխելու համար ՀՀ Կառավարությունը պիտի ապահովի 40+10 հազար ծրագրի շարունակականությունն այնքան ժամանակ, քանի դեռ տեղահանվածները չեն ապահովվել սեփական տանիքով։
Բռնի տեղահանվածներին տրամադրվում է որոշակի սոցիալական աջակցություն, որպեսզի նրանք կարողանան վերսկսել ապրել, ամեն-ամեն ինչ կորցնելուց, այդ թվում՝ մարդկային կորուստներից հետո վերագտնել իրենց նոր միջավայրում, փորձել հարմարվել ապրելու նոր ու դժվար կանոններին։ Ու ճիշտ չէ բռնատեղահանվածներին համեմատել տեղաբնակ հայրենակիցների հետ։ Անհնար է կշեռքի նժարներին դնել ու փորձել համեմատության եզրեր գտնել անհամեմատելի իրողությունների միջեւ։
Ավելին՝ այս որոշումը սոցիալական լարվածություն է ստեղծելու թե՛ տեղահանվածների, թե՛ տեղացիների շրջանում։ Արցախցիները, ովքեր դեռ չեն ինտեգրվել նոր միջավայրում, կանգնելու են նոր փորձությունների առաջ՝ ստիպված լինելով կրկին փնտրել լուծումներ իրենց կեցության հարցում, այդ թվում՝ դիտարկելով արտագաղթի տարբերակը։
Տեղացիներն էլ, իրենց հերթին, բախվելու են անորոշության՝ չիմանալով, թե ինչ անել դատարկվող բնակարանների հետ, և արդյո՞ք կարող են գտնել նոր վարձակալներ՝ նախկին պայմաններով։
Հազարավոր տեղացի բնակարանատերեր, որոնք սեփական գույքը վարձով տրամադրում էին արցախցիներին, կզրկվեն իրենց եկամտի հիմնական կամ լրացուցիչ աղբյուրից։ Բազմաթիվ ընտանիքների համար սա եղել է կայուն ֆինանսական աջակցություն՝ օգնելով հոգալ կոմունալ վճարները, վարկերը կամ առօրյա ծախսերը։ Վարձակալական շուկայում պահանջարկի կտրուկ նվազումը կարող է հանգեցնել գների հերթական անկման, ինչի արդյունքում վնասներ կկրեն նաև նրանք, ովքեր տարիներ շարունակ ներդրումներ են արել իրենց անշարժ գույքի բարեկարգման կամ վարձակալության շուկայում կայուն տեղ զբաղեցնելու համար։
Ստեղծված իրավիճակը պահանջում է վերանայում և համալիր մոտեցում՝ հաշվի առնելով ինչպես տեղահանվածների իրավունքներն ու կենսապայմանները, այնպես էլ տեղացիների տնտեսական շահերը։
Առաջարկներ
Որպեսզի Արցախից բռնի տեղահանվածներն իրենց երկարաժամկետ կացությունն ու ապագայի տեսլականն ունենան բացառապես Հայաստանում, արտագաղթի թվերն օրըստօրե չաճեն, իրական հնարավորության դեպքում ունենանք միասնական վերադարձ Արցախ, պետք է մշակվեն երկարաժամկետ իրատեսական ծրագրեր, այդ ծրագրերը նախևառաջ պետք է լինեն կարիքահեն, ամբողջությամբ բխեն բոլոր տեղահանվածների շահերից։
ՀՀ Կառավարությունը, Արցախից բռնի տեղահանված անձանց ճանաչելով փախստական, պետք է հոգա նրանց սոցիալական խնդիրները, առաջին հերթին՝ տանիքով ապահովելով բոլորին, ստեղծելով զբաղվածության անհրաժեշտ հնարավորություններ։
Բնակապահովման ծրագրի փոփոխություններին զուգահեռ՝ պետք է գործարկվի սոցիալական բնակարանների ծրագիրը, որը բազմաթիվ ընտանիքների կապահովի կացարանով՝ առանց լրացուցիչ քաշքշուկների։
Ի մի բերելով մեր բոլոր մտահոգությունները, առաջարկում ենք՝
- Անժամկետ շարունակել 40+10 հազար աջակցության ծրագիրը, հենց այդ ծրագիրը, որովհետև կան ընտանիքներ, որոնք սեփականության չնչին մասնաբաժնի պատճառով ստանում էին գոնե տասը հազար ու հիմա չեն ստանում, նաև կան ընտանիքներ, որոնց սեփականությունը ձեռք է բերվել հիփոթեքային վարկով, և հիմա չեն ստանում տասը հազարը, բայց վարկը պետք է մարվի։
- Վերանայել ծրագրի շահառուների ցուցակները՝ ներառելով տեխնիկական կամ այլ՝ անհասկանալի պատճառներով ծրագրից դուրս մնացած ընտանիքներին։
- Բնակապահովման ծրագրում կատարել փոփոխություն, սերտիֆիկատներից օգտվելու հնարավորություն տալ այն ընտանիքներին, որոնց անդամների առնվազն կեսը ՀՀ քաղաքացիություն ունի։
- Աջակցության տրամադրման պայմանները պետք է բխեն տեղահանվածի կարիքներից, ոչ թե անթիվ պահանջներից։
- Մշակել լրացուցիչ միջանկյալ աջակցության ծրագրեր, որոնք կնպաստեն հատկապես տեղահանված այն խմբերի անձանց տնտեսական զորացմանը, որոնք մրցունակ չեն աշխատաշուկայում, ընտանեկան պատճառներից ելնելով չեն կարողանում աշխատել։
- Մշակել զբաղվածության այնպիսի ծրագրեր, որոնք կընդգրկեն ավելի մեծ թվով շահառուների։
- Աջակցել ՓՄՁ-ներին։
- Հստակեցնել սոցիալական բնակարանների ծրագրի գործարկման կարգը և ժամկետները։
Եթե Արցախից բռնի տեղահանված եք, ի՞նչ եք անելու 40+10 ծրագրի դադարեցումից կամ սահմանափակումից հետո։ Մասնակցեք հարցմանը այս հղումով։
Կհայտնվենք դրսում, դժվար պայմաններում։