Սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դրանք Հայաստանի ուղղությամբ չեն, հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։
«Բնականաբար դրանք այն դեպքերն են, որոնք վտանգ չպարունակելով մեր կողմից հայտարարության չեն արժանանում: Դրա լուծման ճանապարհը դիվանագիտական է, հարցի կարգավորումը հենց այդպես ենք պատկերացնում և իրականացնում»,- ասել է Պապաիկյանը:
Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու տեսանյութերի տարածումը համացանցում՝ պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր, որ Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։
«Նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Մարտի 16-21-ը ՀՀ ՊՆ-ն 14 անգամ հերքել էր հրադադարի խախտման վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունները։