Փրկել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները

Վերջին տարիները հավանաբար Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամենածանր շրջանն են ՀՀ անկախության ժամանակաշրջանում: 90-ականների խանդավառությանը, պատերազմի ու սոցիալտնտեսական ծանր դրության մեջ գտնվող Հայաստանին օգնելուն 2000-ականների առաջին յոթնամյակում հաջորդեցին 100-միլիոնավոր դոլար ներդրումներն ու տարբեր ծրագրերը, որոնք նոր շունչ տվեցին հայաստանյան ենթակառուցվածքներին ու գործարար միջավայրին, նկատվեց սփյուռքահայ գործարարների՝ Հայաստանում հաստատվելու գործընթաց: Միևնույն ժամանակ այս շրջանը նաև հայոց Սփյուռքի ամենահզոր շրջանն էր, երբ հայկական տարբեր կազմակերպությունների հետ հաշվի էին նստում աշխարհի կարող ուժերը, երբ հայկական լոբբինգը աշխատում էր արդյունավետ: Չնայած այդ տարիներին ևս կային վստահության խնդիրներ, սակայն կարծես թե կային խաղի կանոններ, ինչը թույլ էր տալիս հայաստանյան տնտեսության մեջ մեծ ծավալով ներարկել սփյուռքահայ ֆինանսական ու մարդկային ռեսուրսները:

Վերջին տարին, դժբախտաբար, էականորեն նվազել է Սփյուռքի ներգրավվածությունը հայաստանյան տնտեսության մեջ, թուլացել է նաև սփյուռքյան կազմակերպությունների ազդեցությունը, լոբբինգային հնարավորությունները սեփական բնակության երկրներում:

Սա պայմանավորված է մի շարք պատճառներով: Առաջինը վստահության աննախադեպ պակասն է հայաստանյան իշխանությունների նկատմամբ: Կոռուպցիայի, սփյուռքահայ գործարարներին «քցելու» (Էդմոնդ Խուդյանի օրինակը), ոմանց կասկածելի պայմաններում մահանալու/սպանվելու (ինչպես օրինակ գործարար Նազարեթ Բերբերյանի գործը), տարատեսակ քրեական գործերի հարուցումը (Նարեկ Հարթունյանի գործը) դեպքերը մեծապես վնասել են ՀՀ վարկը մեր հայրենակիցների աչքերում և ստիպել զերծ մնալ Հայաստանում ներգրավվելուց: Կարծես` իշխանությունները Սփյուռքին Հայաստանից վանելու հատուկ քաղաքականություն են վարում:

Պատճառներից մեկը նաև ՀՀ վարած «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունն էր, երբ թեթև մի քայլով հարվածեցինք հայության և հատկապես Սփյուռքի զգացմունքներին` դրանք դարձնելով վաճառքի առարկա: Սա էականորեն թուլացրեց նաև սփյուռքահայ կազմակերպությունների լոբբինգային հզորությունը, ինչն ավելի ակնհայտ երևաց ԱՄՆ նախագահական վերջին ընտրությունների ժամանակ:

Պատճառներից մեկը կարող է օբյեկտիվ երևալ, ինչպես համաշխարհային տնտեսական ճգնաժամն է:

Առաջիկայում ևս չի սպասվում Սփյուռքի վստահության աճ, ավելին`Սփյուռքը գնալով հեռանալու է Հայաստանից: Այս հարցում թեստ կարող է լինել սիրիահայության հարցը: Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության օժանդակությունը համահունչ չէ մեր հայրենակիցների կարիքներին, կատարվող քայլերը ծայրահեղ անբավարար են: Հայաստանի կողմից վերահսկվող «Հայաստան» համահայկական հիմնադրամը նույնպես բավարար քայլեր չի կատարում, ինչը քննադատվեց նաև Սփյուռքի ամենաազդեցիկ խմբագիրներից մեկի` Հարութ Սասունյանի կողմից:

Իրավիճակը շտկելու, համայն աշխարհի հայությանը Հայաստանի խնդիրների մեջ ներգրավելու համար հարկավոր չէ սպասել իշխանափոխության կամ նոր ժամանակների: Երևանում արդեն կան խմբեր, որոնք որոշակի ոլորտներում բավական արդյունավետ կարողանում են շահեր պաշտպանել: Նրանց մեջ քիչ չեն Սփյուռքում ծնվածները, որոնք այսօր առավելապես հայաստանցի են: Կա հսկայական սոցիալական կապիտալ, որը հարկավոր է ուղղել նմանատիպ նոր խմբերի, ցանցերի ստեղծմանը, որոնք տարբեր խնդիրների լուծման ուղղությամբ ակտիվ գործունեություն կծավալեն ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում, նաև՝ Արցախում, հայկական գաղթօջախներում: Նման գործելակերպը թույլ կտա երևան բերել նոր ուժերի, որոնք որակական նոր մակարդակ կբերեն մեր հասարակությանը և կդառնան Հայաստան-Սփյուռք առաջացած խնդիրների լուծման հիմքը: